2026 թ․-ի երկրորդ եռամսյակում օտարերկրյա այցելուների թիվն ու զբոսաշրջությունից ստացված եկամուտները Վրաստանում նվազել են, սակայն օտարերկրյա այցելուների գոհունակության մակարդակը և երկրում անցկացրած գիշերների միջին թիվն աճել են։ Այդ մասին ասված է Ազգային վիճակագրական ծառայության նոր զեկույցում։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ապրիլ-հունիս ամիսներին Վրաստան է այցելել 1.3 միլիոն օտարերկրացի, ինչը 5.2%-ով պակաս է 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Այցելուների մեծ մասը՝ 81.5%-ը, զբոսաշրջիկներ են եղել, ինչը նշանակում է, որ նրանք Վրաստանում անցկացրել են առնվազն մեկ գիշեր։ Մեկ օրով երկիր այցելողները կազմել են 14.8%։
Վիճակագրության համաձայն՝ Վրաստան այցելող օտարերկրացիների մեծ մասըհարևան երկրներից է։
Առաջին տեղում Ռուսաստանն է՝ 328․900 այցելուով, որը կազմում է ընդհանուրի 25.1%-ը։ Նրան հաջորդում են Թուրքիան (16.9%) և Հայաստանը (10.8%)։
Այցելուների ամենամեծ տարիքային խումբը (ընդհանուրի 45.6%-ը) 31-50 տարեկաններն են։ Այցելուների 57.1%-ը տղամարդիկ էին, իսկ 42.9%-ը՝ կանայք։
Վրաստան այցելությունների գրեթե կեսը՝ 49.6%-ը, եղել է հանգստի և ժամանցի նպատակով։ Այցելությունների 25.6%-ը եղել է ընկերներին և հարազատներին տեսակցելու համար, իսկ 12%-ը՝ տարանցման։
Թբիլիսին և Աջարիան շարունակում են մնալ ամենապահանջված ուղղությունները։ Մայրաքաղաքին բաժին է ընկնում այցելությունների 36.9%-ը, իսկ Աջարիային՝ 26.2%-ը։
Զբոսաշրջիկների հոսքի նվազումն ազդել է տնտեսական ցուցանիշների վրա։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի երկրորդ եռամսյակում օտարերկրյա այցելուների ընդհանուր ծախսերը կազմել են 3 միլիարդ լարի (մոտ 1.11 միլիարդ դոլար), ինչը 13.3%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Մեկ այցելության միջին ծախսերը նույնպես նվազել են 9.2%-ով՝ հասնելով 1,922.1 լարիի (մոտ 711.9 դոլար)։ Հյուրերն ամենաշատը ծախսել են սննդի և ըմպելիքների (27.3%), գնումների (25.2%) և կացության (24.3%) վրա։
Չնայած այցելուների թվի և զբոսաշրջային ծախսերի նվազմանը՝ օտարերկրյա հյուրերի գոհունակությունը մնում է բարձր։ Հարցվածների 54.4%-ը Վրաստան կատարած ուղևորությունը գնահատել է «շատ գոհացուցիչ», իսկ 38.7%-ը՝ «գոհացուցիչ», ինչն, ընդհանուր առմամբ, կազմում է 93.1%։
Զեկույցի համաձայն՝ երկրում օտարերկրացիների անցկացրած գիշերների միջին թիվը նույնպես աճել է՝ 5.30-ից հասնելով 5.48 գիշերի։ Ավելին, այցելությունների 81.8%-ը կրկնակի այցելություններ են, ինչը ցույց է տալիս, որ առնվազն մեկ անգամ Վրաստան այցելած օտարերկրյա հյուրերի մեծ մասը վերադառնում է։