Հանրապետական կուսակցության նախագահ Խաթունա Սամնիձեի խոսքով՝ Բոլկվաձեի հայացքները համընկնում են կուսակցության հայացքների հետ.

«Մենք հպարտ ենք, որ նա հավատում է Հանրապետական կուսակցությանը: Ընտրություններին հաջողության հասնելու պարագայում նա Թբիլիսիի սակրեբուլոյում (քաղաքային օրենսդիր մարմին) աշխատելու է Թբիլիսիի՝ որպես անվտանգ քաղաքի ամրապնդման ուղղությամբ»:

Իրավաբան Նինո Բոլկվաձեն բացահայտ խոստովանում է, որ նա լեսբուհի է: Սա վրացական քաղաքականությունում առաջին անգամն է, որ կուսակցությունն ընտրացուցակում ներառում է թեկնածուի, որը չի թաքցնում իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը:

Վերջին տարիներին Նինո Բոլկվաձեն ակտիվորեն մասնակցում է ԼԳԲՏ շարժմանը հանուն մարդու իրավունքների: «Լիբերալ» պարբերականին տված հարցազրույցում նա ասում է, որ «իրավունքների համար այս պայքարում լավագույն ուղին որոշում կայացնող անձ դառնալն է կամ համախոհներ գտնելու փորձը, որոնք որոշումներ կկայացնեն՝ ելնելով ԼԳԲՏ շահերից»:

Նրա խոսքով՝ նույնականացման հարցը միակը չէ, որն իրեն անհանգստացնում է. «Օդը, որ մենք շնչում ենք, բնապահպանական քաղաքականությունը, կրթությունում առկա սպառնալիքները, երբ դպրոցներում այդքան տարածված է բռնությունը, բռնությունն ընտանիքներում, ատելության հողի վրա կատարվող հանցագործությունները», — Բոլկվաձեն ասում է, որ Հանրապետական կուսակցությունն աշխատելու է այդ ուղղություններով:

Հանրապետական կուսակցության քաղաքական քարտուղար Թամար Կորձայան «Լիբերալ» պարբերականին հայտարարել է. «Ծայրահեղ տխրեցնում է այն հանգամանքը, որ թեկնածուին առաջադրելը, որը չի թաքցնում իր կողմնորոշումը, այդպիսի «զարմանք» է առաջացնում մեր հասարակությունում»:

Կորձայայի խոսքով՝ «խնդիրն այդ զարմանքն է: Նինոն կոմպետենտ մարդ է և ունակ է շատ բան անելու տարբեր ոլորտներում… Կրոնական երկրներում, օրինակ, Սերբիայում, վարչապետը լեսբուհի է: Սակայն այդ հանգամանքն այնտեղ քննարկման թեմա չի դառնում, նրան վարչապետ են ընտրել բացառապես պրոֆեսիոնալ նկատառումներով: Սեռական կողմնորոշումը բնավ գլխավոր, առաջատար թեմա չէ: Մենք կարծում ենք, որ հենց այսպես է պետք վերաբերվել այդ հարցին»:

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 21-ին: