Վրաստանում կտրել են Հայաստանը կապով ապահովող մալուխը
Վրաստանի Քվեմո Քարթլի շրջանում ոստիկանության աշխատակիցները հետաքննություն են անցկացնում Դմանիսիի և Մառնեուլիի շրջաններում միջազգային նշանակության օպտիկամանրաթելային մալուխների վնասման փաստի առթիվ: Հաղորդագրությունում նշվում է, որ սեպտեմբերի 29-ին Դմանիսիի շրջանի Օրոզմանի գյուղի մոտակայքում անհայտ անձինք փորել են հողը և վնասել օպտիկամանրաթելային հեռահաղորդակցման ցանցի մալուխները:
Մասնավորապես, կտրվել են միջազգային նշանակության օպտիկամանրաթելային մալուխները, որոնք գալիս են ծովից և միացնում են Եվրոպան և Ասիան Փոթի-Թբիլիսի-Բոլնիսի-Դմանիսի-Հայաստան ուղղությամբ: Իսկ սեպտեմբերի 28-ին Silknet-ը հաղորդագրություն էր ստացել Սադախլո գյուղում օպտիկամանրաթելային մալուխի վնասման մասին:
Ընկերության` դեպքի վայր ժամանած ներկայացուցիչները հայտնաբերել են, որ ջրատարի միջով անցնող մալուխը կտրված է: Այդ մալուխն ինտերնետ կապ է ապահովում տեղի բնակչության համար, ինչպես նաև միացված է Հայաստանի Հանրապետությանը:
Ըստ ՆԳՆ-ի` համապատասխան ծառայությունները երկու դեպքում էլ օպերատիվ արձագանքել են, խնդիրը լուծվել է, ինտերնետ կապը վերականգնված է: ՆԳՆ-ի փոխանցմամբ` ակտիվ քննչական գործողություններ և ինտենսիվ օպերատիվ-որոնողական աշխատանքներ են իրականացվում` հանցագործության մեջ ներգրավված անձանց հայտնաբերելու և ձերբակալելու նպատակով: