Վրաստանի օմբուդսմեն․ խտրականութուն նախկին վարչապետի կուսակցության հետ կապերի պատճառով
Նախընտրական փուլում տասնյակ մարդիկ են աշխատանքից ազատվել քաղաքական հայացքների հիմքով հնարավոր խտրականության հետևանքով, ասել է Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան։ Մասնավորապես, այս փուլում 62 աշխատակից ենթարկվել է տարբեր ձևի ճնշման։
Նրա խոսքով՝ այդ անձանց մեծ մասը օմբուդսմենի ներկայացուցիչներին հաստատել է ճնշման և աշխատանքից հեռացման փաստերը և որպես պատճառ նշել նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցության անդամների հետ ընկերությունը, լավ հարաբերությունները կամ ազգական լինելը։
Սակայն Լոմջարիան նշել է նաև, որ նրանցից ոմանք, չնայած ճնշման փաստի հաստատմանը, օմբուդսմենի գրասենյակին համաձայնություն չեն տվել իրենց գործերի հետաքննման համար․
«Աշխատանքից ազատվել են ներքին գործերի նախարարության, մունիցիպալ ծառայությունների, իրավապահ մարմինների, տարբեր մունիցիպալիտետների ստեղծած կառույցների և այլ պետական հաստատությունների աշխատակիցներ»։
Քաղաքացիները հաստատում են, որ ղեկավարությունն իրենց խնդրել է հեռացման դիմում գրել, ընդ որում՝ նրանց մի մասը համաձայնել է, մյուսը՝ ոչ, ասել է ժողովրդական պաշտպանը։ Դիմում չգրած անձանց հեռացրել են այլ պատճառներով։ Օմբուդսմենի խոսքով՝ նրանցից որոշների դեմ կարգապահական վարույթ է հարուցվել։
«Այս դեպքում՝ հանցագործության հատկանիշներ կան, որոնք նախատեսված են քրեական օրենսգրքով՝ հետապնդում քաղաքական շարժառիթներով։ 2021 թ-ի օգոստոսի 31-ին ժողովրդական պաշտպանը 34 մարդու գործ է փոխանցել Վրաստանի Գլխավոր դատախազություն և ներքին գործերի նախարարություն՝ հետաքննության անցկացման և արձագանքման համար», — ասված է հաղորդագրությունում։
Լոմջարիայի խոսքով՝ անընդունելի է մարդկանց հետապնդումը նրանց քաղաքական հայացքների և կարծիքների համար, այդ թվում՝ աշխատանքից ազատումը։ Այդ պատճառով էլ օմբուդսմենը դիմում է կենտրոնական և տեղական ինքնակառավարման մարմինների և այլ պետական հաստատությունների ղեկավարներին և կոչ անում քաղաքական դրդապատճառներով մարդկանց աշխատանքից չազատել։
Օմբուդսմենը նաև գրավոր է դիմել Վրաստանի դատախազություն և ՆԳՆ՝ պահանջելով ժամանակին հետաքննել նշված անձանց հնարավոր հետապնդման հարցն ու պատասխանել։
Գիորգի Գախարիան հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից փետրվարի 18-ին և հայտարարել «Հանուն Վրաստանի» նոր կուսակցության ստեղծման մասին մայիսի 29-ին։
Գախարիայի հրաժարականից հետո նրա համախոհներն էլ են սկսել ակտիվորեն խոսել պետական ծառայությունների ոլորտում նախկին վարչապետի նկատմամբ բռնաճնշումների մասին։ Մի քանի տասնյակ մարդ հեռացել է պետծառայությունից և միացել Գախարիայի թիմին, այդ թվում՝ Զուգդիդիի նախկին քաղաքապետը։
Ինչպես նշել էր Գախարիան, իր հեռանալու հիմնական պատճառներից մեկը եղել է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր խոշորագույն կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի կալանքի մասին դատարանի որոշումը։ Նա հայտարարել էր, որ անարդար է համարում Մելիայի կալանքը այն իրավիճակում, երբ քաղաքական սրացման վտանգ կա, և այդ հարցում համաձայն չէ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ։