Վրաստանի վարչապետը ներկայացրել է նորացված կառավարության կազմը
Վրաստանը շուտով նոր կառավարություն կունենա: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր ներկայացրել է երկրի կառավարության նորացված կազմը: Դրանում միայն 3 նոր նախարար կա:
Փոփոխությունները վերաբերել են միայն տնտեսական մասին: Ֆինանսների նոր նախարար կլինի Իվանե Մաչավարիանին, որը մինչ այս զբաղեցնում էր Geocell բջջային կապի ընկերության ֆինանսական և կոմերցիոն տնօրեի պաշտոնը: Իսկ Գիորգի Կոբուլիան, որը մինչ այդ աշխատում էր McKinsey & Company ամերիկյան խորհրդատվական ընկերության մոսկովյան գրասենյակում, կդառնա էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար:
Վերջին 8 ամսում արդեն երրորդ անգամ է փոխվում կրթության նախարարը: Այդ գերատեսչության նոր ղեկավար կդառնա Բիզնեսի և տեխնոլոգիաների համալսարանի (BTU) ռեկտոր Միխայիլ Բատիաշվիլին:
- Ավելի վաղ, Վրաստանի նոր վարչապետ Մամուկա Բախտաձեն ներկայացրել էր կառավարության«փոքր ու արդյունավետ» կառուցվածքը՝ լուծարելով մի քանի նախարարություն: Այսօր Վրաստանում 11 նախարարություն կա 14-ի փոխարեն:
Նոր կառավարության գլխավոր ինտրիգն արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի ֆիգուրն էր: Նրա հրաժարականն են արդեն մի քանի շաբաթ պահանջում քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչները: Նրա դեմ են հանդես գալիս նաև մի շարք հասարակական կազմակերպություններ: Նրանք բոլորը կարծում են, որ Ցուլուկիանիի պաշտոնավարման ընթացքում Վրաստանի դատական համակարգում բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, և դրանք առավել ցայտուն կերպով արտահայտվել են Խորավա փողոցում դպրոցականների սպանության գործի քննության ժամանակ:
Սակայն վարչապետը Ցուլուկիանիին իր պաշտոնում է թողել:
Կառավարության նորացված կազմին պետք է վստահություն հայտնի Վրաստանի խորհրդարանը: Քվեարկությունը նախատեսվում է մինչև շաբաթվա վերջ: