Սպանությունից ու անկարգություններից հետո ոստիկանության լրացուցիչ ուժեր են մտցվել Ախալքալաք
Օգոստոսի 8–ին Վրաստանի Ախալքալաք քաղաքում տեղի ունեցած սպանությունից և անկարգություններից հետո օգոստոսի 12–ին այնտեղ ոստիկանության լրացուցիչ ուժեր են մտցվել՝ տեղի սպանված 27–ամյա բնակչի թաղման ժամանակ հնարավոր միջադեպերը կանխելու համար։
Արյունալի կոնֆլիկտի բոլոր մեղադրյալների տների մոտ պահպանություն է իրականացվում։ Ոստիկանությանն օգնության են եկել հատուկ առաջադրանքների դեպարտամենտի աշխատակիցները։
Ախալքալաքը Վրաստանի հարավում գտնվող Ջավախքի շրջանում է գտնվում և հիմնականում հայերով է բնակեցված։ Այն բանից հետո, երբ 27–ամյա Վարդիկ Միրանյանը գնդակահարվել է հենց քաղաքի կենտրոնում, մի խումբ անձինք ավերել և հրկիզել են մարդասպանի հյուրանոցը, նրա ազգականների տներն ու մեքենաները։
Ոստիկանությունը կալանավորել է 37-ամյա Արթուր Գաբրիելյանին։ Նրան սպանության, զենք ձեռք բերելու, պահպանելու և կրելու մեղադրանք է առաջադրվել։ Գաբրիելյանը երկամսյա նախնական կալանքի է դատապարտվել։ Նա չի ճանաչում իր մեղքը, սակայն, ինչպես հաղորդել է փաստաբանը, նախընտրում է կալանքը, քանի որ վրեժի մտավախություն ունի ազատության մեջ մնալու դեպքում։