Նորություններ, ռեպորտաժներ, լուսանկարներ/տեսանյութեր Ղարաբաղում 2020 թ-ի սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների վերաբերյալ
-
Արցախի զինված ուժերը հրապարակել են զոհված հայ զինծառայողների անունները
Հաղորդագրութան մեջ նշվում են «ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված» զինծառայողների անունները․
Վարդանյան Լեռնիկ Արեգի, ծնվ.1978թ.
Մինասյան Գյորգի Լյովայի, ծնվ.1979թ.
Խաչատրյան Հովիկ Լյովայի, ծնվ.1990թ.
Մնացականյան Աշոտ Կոլյայի, ծնվ. 1979թ.
Հարությունյան Ագսեն Անդրանիկի, ծնվ. 1997թ.
Արզումանյան Հասմիկ Սմբատի, ծնվ. 1985թ.
Մարդիյան Արսեն Գարիկի, ծնվ. 1999թ.
Գալստյան Ռուբեն Մնացականի, ծնվ. 2000թ.
Թորոսյան Դավիթ Մխիթարի, ծնվ. 2001թ.
Ֆիլիպոսյան Տարոն Հրայրի, ծնվ. 2000թ.
Գրիգորյան Մայիս Մակարի, ծնվ. 2001թ.
Խլղաթյան Գառնիկ Էդգարի, ծնվ. 2001թ.
Սահակյան Էրիկ Սմբատի, ծնվ. 2001թ.
Մարգարյան Կարեն Վահրամի, ծնվ. 2000թ.
Օհանյան Դավիթ Էդվարդի, ծնվ. 2000թ.
Բարսեղյան Վրեժ Արսենի, ծնվ. 2001թ.
-
Կորուստները՝ Ղարաբաղում սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսված ռազմական գործողությունների հետևանքով
Զոհեր Ադրբեջանի կողմից․
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդել է խաղաղ բնակչության շրջանում 14 վիրավորների մասին։ Մասնավորապես, հաղորդվում է, որ Ադրբեջանի Նավթալանի շրջանի Ղաշալթի գյուղում հայկական Զինված ուժերի հրետակոծության հետևանքով մահացել է մեկ ընտանիքի հինգ անդամ։
Զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին ոչինչ չի հաղորդվում։ Նախագահ Իլհամ Ալիևը ժողովրդին հասցեագրված ուղերձում ասել է, որ զոհեր կան, ցավակցություն է հայտնել, սակայն թիվ չի նշել։
Ոչ պաշտոնապես հայտնի է միայն 40-ամյա գնդապետ-լեյտենանտի մահվան մասին։ Այդ մասին Թվիթերում հաղորդել է բլոգեր Հաբիբ Մունթեզիրը։
Զոհեր Ղարաբաղի կողմից․
16 մարդ է զոհվել, ավելի քան 100 մարդ վիրավորվել է, հաղորդել է Ղարաբաղի պաշտպանության փոխնախարար Արթուր Սարգսյանը։
Երկու կողմերն էլ հաղորդում են «մյուս» կողմի տված տասնյակ զոհերի, ինչպես նաև ոչնչացված և գրավված տեխնիկայի զգալի քանակի մասին։
-
Եվրամիությունը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ դադարեցնել կրակն ու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ բանակցությունների ընթացքում կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակն ու վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Թվիթերի իր միկրոբլոգում նա գրել է․
«Այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Առաջխաղացման միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ առանց նախապայմանների վերադառնալն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»։
-
Ադրբեջանի պաշտպանության նախարարություն․ ազատագրվել է Մուրովդաղ ռազմավարական բարձունքը
Այդպիսով, պարզաբանում է պաշտպանության նախարարությունն, ադրբեջանական զորքերը վերահսկողություն են սահմանել Վարդենիս-Մարտակերտ (Աղդերե) ճանապարհի և Աղդերե (Մարտակերտ)-Քելբաջար ճանապարհի նկատմամբ։
Wikipedia-ում Մուրովդաղը նկարագրվում է որպես Փոքր Կովկասի բարձրագույն լեռնաշղթա՝ 70 կմ երկարությամբ և 10 կմ լայնությամբ։
Լուսանկարը՝ Wikipedia
-
Հայաստանի վարչապետը համաձայնել է քննարկել Ղարաբաղի անկախության հարցը
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այս հարցում պետք է հաշվի առնել հանրության կարծիքն ու բոլոր «կողմ» և «դեմ» փաստարկները։
Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը պատասխան է Ադրբեջանի ագրեսիային։
Փաշինյանն ասել է նաև, որ Ղարաբաղում այժմ «ֆիքսված իրավիճակ չկա, այն զարգանում է»։
-
Ադրբեջանում ռազմական դրություն է հայտարարվել, Բաքվում պարետային ժամ է
Ռազմական դրության առնչությամբ սեպտեմբերի 28-ի գիշերը ժամը 00:00-ից Բաքվում, Գյանջա, Գեյգել, Եվլախ քաղաքներում և մի քանի այլ շրջաններում պարետային ժամ է հայտարարվում։ Որոշումն ընդունվել է ադրբեջանական խորհրդարանի արտահերթ նիստում։
Այսօր ավելի վաղ ռազմական դրություն և զորահավաք էր հայտարարվել Հայաստանում և Ղարաբաղում։
Սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան ժամը 7-ին, մասշտաբային ռազմական գործողություններ են սկսվել Լեռնային Ղարաբաղի շուրջ և Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին։ Հաղորդվում է երկու կողմերից ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին։ Մանրամասներն՝ այս հրապարակման գրառումներում, որոնք կատարվել են ողջ օրվա ընթացքում։
Լուսանկարում՝ Բաքվում ֆլեշմոբ Պաստառի վրա գրված է․ «Հարվածի՛ր Ստեփանակերտին (Խանքենդի)։ Մենք կկառուցենք»։ Ղարաբաղի մայրաքաղաքը Ստեփանակերտ են անվանում հայերն, իսկ Խանքենդի անվանումն օգտագործում են Բաքվում և ադբեջանական բնակչությունը, որը փախչել է Ղարաբաղից 1990-ականների սկզբին ղարաբաղյան պատերազմի ժամանակ։
-
Հայաստանի վարչապետը միջազգային կառույցներին կոչ է արել թույլ չտալ Թուրքիային ղարաբաղյան հակամարտությանը միջամտել
Ըստ Փաշինյանի՝ Թուրքիայի միջամտությունը վերջնականապես կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում: «Հարավային Կովկասում լայնածավալ պատերազմի բռնկումը, որի շեմին մենք հիմա կանգնած ենք, կարող է ամենաանկանխատեսելի հետևանքներն ունենալ: Այն կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից և սպառնալիքի տակ դնել միջազգային անվտանգությունն ու կայունությունը», — հայտարարել է վարչապետը։
Փաշինյանը նաև ասել է, որ Հայաստանն ամբողջությամբ սատարում է Ղարաբաղի իշխանություններին։ Ավելին՝ Երևանն, ըստ վարչապետի, կարող է Ադրբեջանին ստիպել դադարեցնել ռազմական գործողություններն ու խաղաղություն հաստատել։
-
Ռուսաստանի արտգործնախարարը խոսում է Բաքվի հետ, Թուրքիայի նախագահը դիմում է Հայաստանին
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն «անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով գնդակոծությամբ», որը սկսվել է սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան։ Այս մասին նա ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Լավրովը նույնպես հայտարարել է «կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության» մասին։
Մի քանի ժամ առաջ մոտավորապես նույն բովանդակությամբ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների միջև։
Մյուս ազդեցիկ հարևան երկրի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայ ժողովրդին կոչ է արել «իշխանության դեմ դուրս գալ, որը նրան տանում է դեպի ողբերգություն և բնակչությունն օգտագործում որպես տիկնիկ»։ Էրդողանը Թվիթերում գրել է, որ «կոչ է անում ողջ աշխարհին Ադրբեջանի կողքին լինել օկուպացիայի և չարիքի դեմ պայքարում»։
Ադրբեջանի ՊՆ-ն այս տեսանյութն է տարածել մարտական գործողությունների վայրից։
-
Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ԶՈՒ գնդակոծությունից տուժած վիրավորների լուսանկարներ
Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքում տուժած մարդկանց լուսանկարներ է հրապարակել, որոնք վիրավորվել են ադրբեջանական ԶՈՒ գնդակոծության հետևանքով։
-
Բաքվում խոսում են Ղարաբաղի յոթ գյուղերի ազատագրման մասին, Երևանում հերքում են
Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Անար Էյվազովը նշել է հետևյալ գյուղերը․ «Ֆիզուլիի շրջանի Ղարախանբեյլի, Գերվենդ, Քենդ Հորադիզ և Յուխարը Աբդուրահմանլի, Ջաբրայիլի շրջանի Բոյուք Մարջանլի և Նուզգար գյուղերը»։
Էյվազովը նաև ասել է, որ ոչնչացվել են հայկական դիրքերն «Աղդերինի շրջաններում և Մուրովդաղում, և կարևոր դիրքեր են անցել ադրբեջանական բանակի ձեռքը»։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս տեղեկությունն ու այն անվանել «ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական տեղեկատվական սադրանք»։
-
Հայկական Զինված ուժերի գնդակոծության տակ գտնվող ադրբեջանական գյուղերում վիրավորների լուսանկարներ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Թվիթերում կիսվել է հայկական Զինված ուժերի գնդակոծության տակ գտնվող ադրբեջանական գյուղերում վիրավորների լուսանկարներով։
-
Հայկական կողմի զոհերի մասին, պաշտոնական տեղեկություններ
Ղարաբաղում ադրբեջանական ԶՈՒ կողմից բնակավայրերի գնդակոծման հետևանքով զոհվել է երկու քաղաքացիական անձ, տուժել՝ ավելի քան 10 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Այս մասին հաղորդում է Ղարաբաղի օմբուդսմենի գրասենյակը։
Նշվում է նաև, որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորում են խաղաղ բնակչությանն, «ինչը միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է»։
-
Ղարաբաղում ադրբեջանական տեխնիկայի ոչնչացման նոր կադրեր
Հայաստանի պաշտպանության նախարարությունն ադրբեջանական ռազմական տեխնիկայի ոչնչացման նոր կադրեր է հրապարակել։
-
Մոսկվան իրավիճակը քննարկել է Երևանի հետ, Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է Հայաստանին և սատարել Ադրբեջանին
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ
քննարկել է իրավիճակը Ղարաբաղում, որտեղ սեպտեմբերի 27-ի առավոտյան մասշտաբային գործողություններ են սկսվել։
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է միջնորական ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղղությամբ։
Գրեթե միաժամանակ Թուրքիայի ԱԳՆ- հայտարարել է, որ Հայաստանին պատասխանատու է համարում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման համար, և Ադրբեջանին աջակցություն է խոստացել։
-
Թարթառի շրջանի Ղափանլի գյուղը գտնվում է հայկական կողմից արձակվող կրակի տակ
Թարթառի շրջանի Ղափանլի գյուղը գտնվում է հայկական կողմից արձակվող կրակի տակ։
-
Ադրբեջանական կողմի զոհերի մասին, պաշտոնական տեղեկություններ
Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հաղորդել է խաղաղ
բնակչության և զինծառայողների շրջանում զոհերի և
վիրավորների մասին։
Հաղորդվում է, որ ինտենսիվ գնդակոծության հետևանքով զոհեր կան հետևյալ գյուղերում․
Ղափանլի, Թարթառի շրջան,
Չիրաղլի և Օրթա Գերվենդ, Աղդամի շրջան,
Ալխանլի և Շուքյուրբեյլի, Ֆիզուլիի շրջան
Ջոջուղ Մարջանլի, Ջաբրայիլի շրջան։
Զգալի վնաս է հասցվել տներին և քաղաքացիական օբյեկտներին։
-
Հայաստանում ռազմական դրություն է սահմանվել և համընդհանուր զորահավաք հայտարարվել
Հայաստանում ռազմական դրություն է սահմանվել և համընդհանուր զորահավաք հայտարարվել։
Մի քանի ժամ առաջ ռազմական դրություն և մոբիլիզացիա էր հայտարարվել Ղարաբաղում։
-
Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրել է ռազմական գործողություններ սկսելու համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժողովրդին է դիմել ճակատում ստեղծված իրավիճակի առնչությամբ։
Նա հայտարարել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Հայաստանը գնդակոծել է Ադրբեջանի բնակավայրերն ու ռազմական դիրքերը։ Ըստ նախագահի՝ թշնամու գնդակոծության հետևանքով Ադրբեջանի խաղաղ բնակչության և զինվորականների շրջանում զոհեր և վիրավորներ կան։
«Նրանց արյունն առանց վրեժի չի մնա», — հայտարարել է Իլհամ Ալիևն ու ասել, որ «դիրքերի ուղղությամբ հարվածների հետևանքով ոչնչացվել է հակառակորդի մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա»։
-
Լեռնային Ղարաբաղում ռազմական դրություն և մոբիլիզացիա է հայտարարվել
Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը ռազմական դրություն և համընդհանուր մոբիլիացիա է հայտարարել 18 տարեկանից բարձր անձանց շրջանում։«Մենք միշտ հայտարարել ենք, որ կողմ չենք պատերազմին, բայց պատրաստ ենք դրան։ Խաղաղության ավելի մեծ կողմնակից չկա, քան մենք, և մեզնից շատ ոչ ոք չի սիրում խաղաղությունը։ Մենք պատերազմ չէինք ուզում, այն մեզ պարտադրվել է, և մենք պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքին ու մեր ընտանիքները։ Տարածաշրջանին սպառնացող հումանիար աղետի համար պատասխան է տալու անձամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը», — հայտարարել է Հարությունյանը։ -
Ադրբեջանում կտրուկ սահմանափակվել է ինտերնետ-հասանելիությունը ողջ երկրում
Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է, որ ողջ երկրով մեկ կտրուկ սահմանափակվել է ինտերնետը՝ «Հայաստանի լայնամասշտաբ սադրանքի կանխման նպատակով»։
«Հույս ունենք, որ Ադրբեջանի քաղաքացիներն ըմբռնում կդրսևորեն սահմանափակումների հարցում, որոնք կարող են կիրառվել համացանցի նկատմամբ կոնֆլիկտային իրավիճակում», ասված է հաղորդագրությունում։
-
Ռազմական գործողություններ են սկսվել Ղարաբաղի շուրջ և Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին
2020 թ-ի սեպտեմբերի 27-ին ռազմական գործողություններ են սկսվել Ղարաբաղի շուրջ և Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին։ Հրապարակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությունը, որում ասվում է․
«Հայաստանի զինված ուժերի ռազմական ակտիվության կասեցման և խաղաղ բնակչության անվտանգության ապահովման նպատակով Ադրբեջանական բանակի հրամանատարությունը որոշում է կայացրել զորքերի հակահարձակ գործողություն սկսել ողջ ճակատի երկայնքով»։
Հայտարարությունում ասված է, որ օգտագործվում են տանկային ստորաբաժանումներ և անձնակազմ հրթիռահրետանային զորքերի, ավիացիայի և անօդաչու թռչող սարքերի ուղեկցությամբ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «կայծակնային հակահարձակման մասին»։
Հայաստանի պաշտպանության նախարարությունն Ադրբեջանին մեղադրել է ռազմական գործողությունները վաղուց պլանավորելու համար։ «Տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում։ Էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում գրել է, որ «Արցախի պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը», և կոչ է արել վստահել միայն պաշտոնական աղբյուրներին։
Նախօրեին՝ սեպտեմբերի 26-ին Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատների կայքերում հրապարակվել էր Security Alert ամերիկյան քաղաքացիների համար՝ ռազմական գործողությունների վերսկսման վտանգի առնչությամբ։ ԱՄՆ քաղաքացիներին, որոնք Հայաստանում են գտնվում, խորհուրդ էր տրվում չայցելել Տավուշ և Ղարաբաղ։ ԱՄՆ Ադրբեջանի տարածքում գտնվող քաղաքացիներին խորհուրդ էր տրվում չլքել Ապշերոնի թերակղզին։