Կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանափակումների կիրառումը Հայաստանի կառավարությունը համարում է ամենաանցանկալի տարբերակը
Հուլիսի 15-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 515–ով և դարձել 33 005:
Մահացել է ևս 11 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 592-ի։
Առողջացել է ևս 619 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 21 348։ Շարունակում են բուժում ստանալ 10 876-ը։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 139 220 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 2 418:
● Ովքե՞ր կարող են դիմակ չկրել. Հայաստանի պարետի նոր որոշումը
● Հայաստանը կորոնավիրուսի պատվաստանյութի ձեռքբերման հերթում է
Կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանափակումների կիրառումը կառավարությունում համարում են ամենաանցանկալի տարբերակը, քանի դրանք բերելու են տնտեսական բացասական հետևանքների։
Այս կապակցությամբ, պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հույս է հայտնել, որ սահմանափակումների փոխարեն հնարավոր կլինի բնականոն գործունեության վերադառնալ համակեցության կանոններին հետևելու միջոցով։
Նա ասել է, որ պարերատունը մշակում է մի շարք ոլորտների նկատմամբ սահմանափակումների վերացման ծրագրեր․
«Առաջիկայում կներկայացվեն կրթության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտների աստիճանական վերաբացման ծրագրերը, որոնց իրագործումը, սակայն, կախված կլինի համաճարակային վիճակից»։