Ադրբեջանցի լրագրողը չի կարողացել հրաժեշտ տալ մահացող մորը՝ երկրից դուրս գալու արգելքի պատճառով
Ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլը այդպես էլ պատասխան չի ստացել իր դիմումին, որով խնդրում էր ժամանակավորապես հանել իր՝ երկրից դուրս գալու արգելքը, որպեսզի կարողանա հրաժեշտ տալ ծանր հիվանդ մորը: Խադիջայի մայրը՝ Էլմիրա Իսմայիլովան, մահացել է Անկարայում մարտի 8-ի գիշերը:
«Այսօր ես գնացի դատական որոշումների կատարման բաժին և խնդրեցի ժամանակավորապես հանել իմ՝ երկրից դուրս գալու արգելքը: Մայրս գտնվում է Թուրքիայում՝ վահանաձև գեղձի քաղցկեղ ախտորոշմամբ: Նրան այնտեղ վիրահատել են, բայց հույսը, այնուամենայնիվ, քիչ է: Իսկ հիմա էլ բարդություններ են առաջացել թոքերում: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Ես չեմ կարող նրա հետ լինել, քանի որ կոռումպացված ռեպրեսիվ վարչակարգն ինձնից վրեժ է լուծում իմ հետաքննությունների համար: Ադրբեջանում հնարավոր չէր նրան բուժել, բժիշկներն անգամ չէին կարողանում ախտորոշում տալ: Ես գրավոր դիմում ներկայացրի, բացատրեցի հրատապությունը, ներկայացրի բժշկական եզրակացության պատճենը: Դատական կատարածուն ասաց, որ իրենք ուսումնասիրում են դիմումը և խնդրեց զանգել հաջորդ օրը»,- մարտի 6-ին Facebook-ում գրել էր Խադիջա Իսմայիլը:
Էլմիրա Իսմայիլովան Թուրքիայի հիվանդանոցնից մեկում էր 2018թ. հունվարից:
2016թ. մայիսին Գերագույն դատարանի որոշմամբ Իսմայիլի պատիժը փոխարինվեց պայմանական ազատազրկմամբ, և նրան արգելվեց դուրս գալ երկրի սահմաններից: Լրագրողը բազմիցս դիմել է դատարան՝ խնդրելով իր վրայից հանել երկրից դուրս գալու արգելքը, բայց միշտ մերժում է ստացել: