Ռուսական լրատվամիջոցը խոսում է Ադրբեջանում սիրիացի վարձկանների մասին, պաշտպանության նախարարությունը հերքում է
Ռուսական «Նեզավիսիմայա գազետան» «Սիրիացի զինյալներն Ադրբեջանում պատրաստվում են Հայաստանում բլիցկրիգ անել» վերտառությամբ հոդված է հրապարակել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս հարցի վերաբերյալ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել։
Ըստ հոդվածի հեղինակ Վլադիմիր Մուխինի՝ «Ադրբեջան է տեղափոխվել մոտ 500 սիրիացի զինյալ, հիմնականում՝ թուրքմեններ «Սուլթան Մուրադ», Սիրիական ազատ բանակ և «Համզաթ» զինված կազմավորումներից»։
««ՆԳ»–ի աղբյուրները պնդում են, որ տեղեկությունը կրկնվում է, և, ամենայն հավանականությամբ, այն համապատասխանում է իրականությանը։ Վերջերս Բաքվում բողոքի ակցիա է անցկացվել, որի մասնակիցները Թուրքիային կոչ են արել «փրկել Ադրբեջանը հայերից և ռուսներից»։ Նրանք, ծածանելով Թուրքիայի դրոշները, իշխանություններից պահանջում էին «թուրքական ռազմաբազա տեղակայել երկրում և ռևանշ վերցնել հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հուլիսյան մարտերի համար», — ասված է «Նեզավիսիմայա գազետայի» հոդվածում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս հրապարակման առթիվ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել․
«Մենք կտրականապես հերքում ենք հոդվածում նշված կեղծ լուրերն այն մասին, իբր «Նախիջևանում դե ֆակտո արդեն թուրքական ռազմաբազա կա՝ մարտական ինքնաթիռներով ամրացված», և «Ադրբեջան մոտ 500 սիրիացի զինյալ է տեղափոխվել՝ հիմնականում սիրիական թուրքմեններ»։
Նշված հոդվածում բերված բոլոր եզրակացություններն, այդ թվում՝ իբր Սիրիայից Ադրբեջան եկած զինյալների մասին, ակնհայտ ապատեղեկատվություն է և ոչ մի առումով չի արտացոլում իրականությունը։ Այդ հոդվածը պատվիրված է, միտումնավոր և զրպարտող։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ երկրի տարածքում արտասահմանյան պետությունների կամ որևէ այլ զինված ապօրինի խմբավորման ռազմաբազա չկա»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հայտարարությունում մատնանշել է հոդվածի պատվիրված լինելը՝ միաժամանակ իր վերաբերմունքն արտահայտելով Հայաստանում զինված աշխարհազորի ստեղծման մասին որոշմանը։
• Հայաստանում աշխարհազոր են ստեղծում՝ «հնարավոր հակառակորդին հետ մղելու համար»
«Մենք «Նեզավիսիմայա գազետային» խորհուրդ կտայինք իրենց ուշադրությունը սևեռել «Պաշտպանության մասին» Հայաստանի օրենքի փոփոխություններին, որոնք առաջարկվել են հայկական հասարակության քննարկմանը։
Այդ օրենքը Հայաստանին, որը մոբիլիզացիոն ռեսուրսների մեծ խնդիրներ ունի, թույլ է տալիս ստեղծել այսպես կոչված զինված աշխարհազոր՝ կամավոր սկզբունքով, որում կարող են ներգրավվել նաև մինչև 70 տարեկան անձինք։
Չի բացառվում, որ, վկայակոչելով այդ փաստաթուղթը, Հայաստանն օրինականացնի իր բանակը զինյալներով և ահաբեկիչներով համալրելու հարցը, որոնք կբերվեն Մերձավոր Արևելքի թեժ կետերից, մասնավորապես՝ Սիրիայից և Լիբանանից, աշխարհազորի անվան տակ», — ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունում։