Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը դեմ են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնին առաջադրված թուրք դիվանագետի թեկնածությանը
Հայաստանը պանաջում է քվեարկություն անցկացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահի թեկնածության վերաբերյալ, որն իր աշխատանքը սկսելու է սեպտեմբերին։ Նույն պահանջով են հանդես եկել Հուաստանն ու Կիպրոսը։
Պատճառն այն է, որ նախագահի միայն մեկ թեկնածու կա՝ թուրք դիվանագետ և քաղաքական գործիչ Վոլկան Բոզքիրը։
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի խոսքով՝ ՄԱԿ-ի պատմության մեջ առաջին անգամ է, «երբ միակ թեկնածուի ընտրության հարցը դրվում է քվեարկության»։
- Հայոց ցեղասպանություն․ ի՞նչ չեն կարող մոռանալ և ի՞նչ են պահանջում Թուրքիայից զոհերի սերունդները 105 տարի անց
- Հայաստանը թույլ չի տալիս ղարաբաղյան հակամարտության գործընթացին Թուրքիայի մասնակցությունը
Հայաստանի ԱԳՆ մեկնաբանությունը
Հարցը մեկնաբանել է արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
Նրա խոսքով՝ համաձայն ՄԱԿ-ում աշխարհագրական ռոտացիայի վերաբերյալ սահմանված սկզբունքի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբեայի 75-րդ նստաշրջանի նախագահը պետք է ընտրվի Արևմտաեվրոպական երկրների խմբից: Նախագահի նախապես հաստատված միակ թեկնածուն Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքիրն է:
Քվեարկություն անցկացնելու պահանջով կազմակերպության անդամ 193 երկրներից միայն երեքն են հանդես եկել։
«Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը, խախտելով լռության ընթացակարգը, նամակներով դիմել են ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի նախագահ Թիջանի Մուհամմեդ-Բանդեին՝ պահանջելով քվեարկություն: Ցանկանում եմ ընդգծել, որ նույնիսկ մեկ երկրի պահանջով քվեարկությունը պարտավոր է իրականանալ․․․
Հայաստանի և Կիպրոսի կողմից ներկայացվել է համատեղ նամակ: Վերջինում, մասնավորապես, նշվել է, որ «Թուրքիան սպառնում է ամբողջ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը՝ տարածաշրջանային գերակայության հասնելու համար շարունակաբար խախտելով ՄԱԿ կանոնադրությունը և միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ պատժամիջոցների ռեժիմները», — հաղորդել է Աննա Նաղդալյանը։
Հայկական կողմը նամակում բարձրաձայնել է նաև Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ երեք տասնամյակ իրականացվող շրջափակման, «Հայոց ցեղասպանության շարունակական ժխտման և անգամ արդարացման քաղաքականության մասին»:
«Համատեղ նամակում Հայաստանը և Կիպրոսն ընդգծել են, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնը պետք է ստանձնի այնպիսի երկրի ներկայացուցիչ, որի գործողությունները և վարած քաղաքականությունը համահունչ են ՄԱԿ նորմերին և հռչակած արժեքներին: Ակնհայտ է, որ Թուրքիան լավագույն պետությունը չէ, որը կարող է բավարարել նշված չափանիշներին», – հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Ինչպե՞ս է ընտրվում ՄԱԿ նախագահը
Նոր նախագահն ընտրվում է Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի մեկնարկից երեք ամիս առաջ։
Թեկնածությունն առաջադրվում է տարածաշրջանային խմբերի կողմից՝ աֆրիկյան, ասիական, արևմտաեվրոպական, արևելաեվրոպական, լատինաամերիկյան, Կարիբյան ավազանի երկրների, ռոտացիայի սկզբունքով։
Ընտրությունն անցկացվում է գաղտնի քվեարկությամբ՝ ձայների մեծամասնությամբ։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը բացվել է 2019 թ․ սեպտեմբերի 17–ին Թիջանի Մուհամմեդ-Բանդեի (Նիգերիա) գլխավորությամբ։