Ֆոտոսեսիա․ Հին Գորիս՝ քարայրային քաղաք
«Զբոսաշրջիկները զարմանում են, որ մինչև 18-րդ դարը գորիսեցիների տները ժայռափոր բնակարաններն էին»,— ասում է Հայկ Հակոբյանը:
Նա աշխատում է հյուրանոցային համալիրում և հաճախ ստիպված է լինում պատասխանել զբոսաշրջիկների հարցին, թե ինչ հետաքրիր բան կարող են տեսնել Գորիսում: Հայկը չի զլանում, երբեմն էլ անձամբ ուղեկցում է քաղաքի հյուրերին ու ծանոթացնում Գորիսի պատմությանն ու տեսարժան վայրերին:
Իսկ նրա ամենասիրելի վայրը հենց ժայռափոր բնակավայրերն են: Այդ կացարանները փորվել են քարաժայռերի, կամ ինչպես տեղացիներն են ասում, քերծերի մեջ, բավականին մեծ թեքության վրա: Եվ միայն 18-րդ դարից հետո է սկսվել քերծերի ու քրատակների առջև քարե պատերով ու փայտյա ծածկերով մեկ-երկու հարկանի բնակարանների կառուցումը: Նախկին բնակելի մասերն էլ ծառայել են որպես մառաններ:
• Ֆոտոսեսիա․ «Սուրիկի լիճ»՝ նոր տեսարժան վայր Հայաստանի հարավում
• Ֆոտոսեսիա․ Էկոձողիկներ բամբուկից՝ այլընտրանք պլաստիկին
Զբոսաշրջիկների հերթական խմբին իր սիրելի վայրը ցուցադրելու ժամանակ Հայկը որոշել է դեպի ժայռեր տանող գծանշված արահետ ստեղծել, որտեղից հնարավոր կլինի հիանալ Հին ու Նոր Գորիսով:
«One Armenia» կազմակերպության օժանդակությամբ իարականացվել է այդ աշխատանքը, որին անձամբ մասնակցել է նաև երիտասարդը: Գծանշված արահետը շուտով նաև օնլայն հասանելի կլինի, ինչը է կապահովի զբոսաշրջիների ապահով և անվտանգ տեղաշարժը: Հայկը նաև իր ձեռքերով աստիճաններ է սարքել՝ դեպի ժայռափոր բնակավայրեր:
«Նման քայլերով կկարողանանք տպավորություն թողնել մեր հյուրերի վրա, որ նրանք ցանկություն ունենան վերադառնալ մեր քաղաք»,— ասում է Հայկը:
Բացի ժայռափոր կացարաններից ու բնական քարայրներից Հին Գորիսում կարող ենք տեսնել նաև Սուրբ Հռիփսիմե եկեղեցին: Այն կառուցվել է 4-րդ դարում և երկու անգամ վերակառուցվել է. 16-րդ դարում և 2010 թվին:
Մինչև 20-րդ դարի սկիզբը Հին Գորիսում գործել է նաև բնական հուշարձան համարվող քարանձավային թատրոնը՝ «Ամֆիթատրոնը»: Ներկայումս պահպանվել են բեմը և նստարանները:
Հին բնակավայրերից հիմա կարելի է ականատես լինել մի քանի մատուռների, ձիթհանների, ջրաղացների և բազմաթիվ քարանձավային բնակարանների ավերակների: Միայն այս տարի սկսվել է երկու քարայրների վերակառուցումը, և դրանք այսուհետև կծառայեն որպես գրադարան և պատկերասրահ:
Գորիսի համայնքապետարանում ասում են, «սա քարայրային քաղաքի վերակառուցման միայն սկիզբն է»:
2013-ի փետրվարին Հայաստանի կառավարության կողմից հաստատվեց Գորիս քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագիրը, որով նախատեսվում է պետական, համայնքային բյուջեներից ֆինանսական հատկացումների և ֆոնդահայթայթման միջոցով իրականություն դարձնել Զանգեզուրի տարածաշրջանը սպասարկող զբոսաշրջության կենտրոնի ստեղծման գաղափարը:
Որոշ քայլեր արվել են, ինչպես օրինակ, Սբ. Հռիփսիմե եկեղեցու վերանորոգումը, եկեղեցու շրջակայքի բարեկարգումը, պեղումների իրականացումը: Բայց սրանք ծրագրով նախատեսված գործողությունների աննկատ մասն են միայն: Այնպես որ զբոսաշրջության կենտրոն ունենալու ցանկությունը դեռևս հեռահար է:
Քաղաքաշինության հարցերով փորձագետների խոսքով, Հին Գորիսում նախատեսված աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է առնվազն 200 մլն դրամ գումար:
Տեղական կառավարման մարմինների «փոքր քայլերը» գորիսեցիներին քիչ են ոգևորում: Հայկն ասում է.
«Միայն հյուրանոցների քանակով չի որոշվում զբոսաշրջության կենտրոն համարվելը. մեր քաղաքն իրոք ունի հնարավորություն այդպիսին կոչվելու: Մնում է ցանկություն ու կամք ունենանք իրականացնելու մեր ծրագրերը»: