«Պատրաստվում ենք աշնանը, չնայած հիմա էլ խնդիրներ ունենք»․ Հայաստանի առողջապահության նախարար
Հունիսի 15-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 397-ով և հասել 17 064-ի։
Բուժվածների թիվն ավելացել է 62-ով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 6 276։ 10 409 շարունակում են բուժում ստանալ։
Կորոնավիրուսից մահվան ևս 16 դեպք է արձանագրվել։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 285-ի։
Համավարակի սկզբից ի վեր կատարվել է 83.600 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1276։
- Կորոնավիրուսն ըննդեմ բիզնեսի։ Տեսանյութ Երևանից
- Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Վարակի տարածման շարունակական աճի պայմաններում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հարկ է համարում շարունակել կանխարգելման գործողությունները։
Խոսքը գնում է նոր վարքականոնների՝ դիմակները ճիշտ կրելու, հեռավությունը պահպանելու, ձեռքերը ախտահանելու, սենյակները օդափոխելու մասին։ Նախարարի խոսքով, այդ կանոններին պետք է հետևել և աշխատանքի վայրում, և տանը։
Արսեն Թորոսյանն ասել է նաև, որ կորոնավիրուսի համավարակի աշնանն ակտիվանալու վտանգը շարունակում է ակտուալ մնալ թե Հայաստանի, թե այլ երկրների համար․
«Շնչառական բոլոր վարակները աշնանն ակտիվանում են։ Դա է պատճառը, որ այսօր հզորությունները զարգացնելիս հաշվի ենք առնում ոչ միայն այս պահի եղած կարիքները։ Պատրաստվում ենք աշնանը, չնայած հիմա էլ խնդիրներ ունենք»։