Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս մեկ ամսով, սակայն ձեռնարկությունները շարունակելու են աշխատել
Հայաստանում արդեն երկրորդ անգամ են մեկ ամսով երկարաձգում արտակարգ դրությունը։ Կառավարության որոշումը բացատրվում է նրանով, որ վարակման դեպքերի քանակը շարունակում է աճել։
Մայիսի 14–ի դրությամբ առողջապահության նախարարությունը հաղորդում է 142 նոր դեպքերի մասին։ Նախօրեին վարակվածների թվի հակառեկորդ էր սահմանվել՝ 180 նոր դեպք մեկ օրում։
Ընդհանուր առմամբ, երկրում հաստատվել է վարակման 3 860 դեպք, 1 572 հիվանդ ապաքինվել է։ Տվյալ պահին բուժում է անցնում 2 218 հիվանդ, նրանցից միայն 661–ն իրոք բուժօգնության կարիք ունի, այսինքն՝ վարակվածների 70%–ի մոտ հիվանդությունն առանց ախտանիշների է ընթանում։ Այժմ թոքերի արհեստական օդափոխման սարքերին է միացված վեց հիվանդ։ Հիվանդանոցում տեղերի պակաս չկա։
Արտակարգ դրության ռեժիմը սահմանվել է մարտի 16–ին՝ մեկ ամսով։ Ապրիլի 14–ին կառավարությունը որոշել էր ևս մեկ ամսով երկարաձգել արտակարգ դրությունը։ Սակայն դեռ նախքան դրա ժամկետի ավարտը՝ մայիսի 4–ից թույլատրվել էր մարդկանց ազատ տեղաշարժը, ձեռնարկությունների մեծ մասի աշխատանքը։ Դրանից հետո վարակման դեպքերի քանակը երկրում կտրուկ աճեց։
Այժմ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև հունիսի 13–ը։
Նախկինի պես գործելու են մեկուսացման պահանջները վարակված անձանց նկատմամբ։
Սակայն բիզնեսի գործունեության սահմանափակումներ չեն ենթադրվում։ Պարետատունը միայն կոչ է անում աշխատանքի ընթացքում խստորեն պահպանել անվտանգության կանոնները։
«Քաղաքացիները կամ պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն, կամ դիմակ կրեն։ Չի կարելի դիպչել դեմքին՝ չախտահանելով ձեռքերը։ Ի վերջո, չի կարելի օգտվել կամ ուրիշներին փոխանցել սպասք, որը ջերմամշակում չի անցել և չի ախտահանվել», — հիշեցրել է Նիկոլ Փաշինյանը։