«Հայաստան է վերադարձել ավելի քան 40 000 ՀՀ քաղաքացի» - պարետ
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 523–ով և դարձել 26 065:
Մահացել է ևս 10 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 453-ի։
Առողջացել է ևս 515 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 14 563։ Շարունակում են բուժում ստանալ 10 900-ը։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 113 665 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 821:
- Ում և ինչ օժանդակություն է տրամադրվում Հայաստանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման ծրագրերով
- Կորոնավիրուսն ըննդեմ բիզնեսի։ Տեսանյութ Երևանից
Մարտի 15-ից մինչ այժմ պարետատան և արտաքին գործերի նախարարության ջանքերով շուրջ 8 հազար Հայաստանի քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված չէին կարողանում վերադառնալ հայրենիք, աշխարհի տարբեր երկրներից տեղափոխվել են Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
«Ընդ որում, 2200-ի տեղափոխումը տարբեր բարերարների աջակցությամբ, ինչպես նաև վարված բանակցությունների արդյունքում կազմակերպվել է անվճար: Տեղափոխումների աշխարհագրությունը շատ լայն է. ԱՄՆ-ից մինչև Թուրքիա, Հնդկաստանից մինչև Ռուսաստան»։
Ընդհանուր առմամբ, ըստ Ավինյանի, պարետատան կողմից տրված թույլտվությունների հիման վրա իրականացված թռիչքների արդյունքում Հայաստան են վերադարձել ավելի քան 40 հազար Հայաստանի քաղաքացի:
«Պարետատան կազմակերպած չորս հատուկ չվերթներով Չինաստանից Հայաստան են տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակներ, այդ թվում թոքերի արհեստական օդափոխման սարքեր, թթվածնի մատակարարման կայաններ ու կոնցենտրատորներ, կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, բիոքիմիական հումք թեստեր պատրաստելու համար, բժշկական պաշտպանիչ արտահագուստ ու դիմակներ», — գրել է Ավինյանը։