Հայաստան․ մանկատան 9 սանի և 6 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Մայիսի 26-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 289-ով և հասել 7 402-ի։ Բուժվածների թիվն ավելացել է 75-ով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 3 220: Շարունակում են բուժում ստանալ 4 052 մարդ:
Հայաստանում անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան չորս դեպք։
«Պացիենտները եղել են 85 (տղամարդ) 70 (կին), 81 (կին), 83 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ», — հաղորդում է առողջապահության նախարարությունը:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է մահվան 91 դեպք։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյցբուքյան իր էջում նոր թվեր է հրապարակել։ Նախարարը գրել է, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդներից 250-ը գտնվում են ծանր վիճակում։
«250 – ծանր, 48 – ծայրահեղ ծանր, 16 – արհեստական շնչառության վրա»։
- Կորոնավիրուսային սկանդալ․ Հայաստանի առողջապահության նախարարությունը Վրաստանից ներողություն է խնդրել իր նախարարի խոսքերի համար
- Անսպասելի, բայց սպասված. ինչպես հեռավար կրթությունը դպրոցից տուն մտավ
Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը 15 հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը՝ 6-ն աշխատակից են, 9-ը՝ երեխա: Այս մասին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ օրեր առաջ դայակներից մեկի ջերմությունը բարձրացել է 37.6 աստիճան, ինչից հետո նրան անմիջապես մեկուսացրել են։ Այժմ նա գտնվում է տանը, սակայն նրա թեստի պատասխանը դեռևս չկա։
«Այսինքն, վստահ չենք, ինքն է վարակման աղբյուրը եղել, թե ոչ։ Դայակի ջերմությունն այս պահին 37.4 է»,- ասել է խոսնակը։
Այս մանկատան սաները հաշմանդամություն ունեցող երեխաներն են։ Նրանց հոսպիտալացման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա։