«Շատ կարևոր է, որ պատրաստ լինենք կորոնավիրուսի երկրորդ ալիքին» - Հայաստանի վարչապետ
Հուլիսի 25-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 383-ով և դարձել 36 996:
Մահացել է ևս 8 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 700-ի։
Առողջացել է ևս 509 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 26 243։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 155 664 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 850:
● Ոչ պակաս, քան 30 բժիշկ է Covid-19–ից մահացել Ադրբեջանում
Կորոնավիրուսի ակտիվ դեպքերը հունիսի 14-ից հետո առաջին անգամ քիչ են 10 հազարից: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է հուլիսի 24-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում, ներկայացնելով է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում․
«Հիմքեր կան պնդելու, որ մենք ոչ միայն մտել ենք կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլև կարող ենք ասել, որ աշնանը սպասվող փուլին մենք կարող ենք ավելի լավ դիմակայություն ունենալ»,- ասել է վարչապետը։
Վարչապետի խոսքով՝ այս դրական վիճակագրությունը պետք է ոչ թե ուրախացնի, այլ հակառակը՝ սթափեցնի ու զգոնացնի, քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարում դիմակ դնելը անկյունաքարային դեր ունի: Մինչդեռ, Փաշինյանի խոսքով՝ վերջին շրջանում կրկին ակտիվացել է հակահակահամաճարակային շարժումը, հակադիմակային ակցիաներ են արվում․
«Շատ կարևոր և սկզբունքային է, որ պատրաստ լինենք կորոնավիրուսի երկրորդ ալիքին. զգոնությունը մի թուլացրեք: Մեր երկրում արդեն 700-ին մոտ մարդ է մահացել կորոնավիրուսից: Սա սարսափելի է: Այսօր էլ կորոնավիրուսի փոքր թվեր չունենք. օրական 400 դեպքը դուք պատկերացնո՞ւմ եք: Մաքսիմալ զգոն եղեք»: