«Առողջապահական համակարգը պատրաստ է կորոնավիրուսի երկրորդ ալիքին» - Հայաստանի առողջապահության նախարար
Հուլիսի 30-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 259-ով և դարձել 38 196:
Մահացել է ևս 5 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 728-ի։
Առողջացել է ևս 542 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 28 366։ Շարունակում է բուժում ստանալ 8877 մարդ։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 161 754 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 374:
● Իրանում յուրաքանչյուր հինգերորդ մահվան պատճառը կորոնավիրուսն է, Թեհրանում կրիտիկական վիճակ է
Հայաստանի առողջապական համակարգը պատրաստ է կորոնավիրուսի երկրորդ ալիքին։ Այս մասին հուլիսի 29-ի ճեպազրույցի ընթացքում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․
«Եթե աշնանը, եղանակի ցրտելուն զուգահեռ, երկրում հիվանդության դեպքերի աճ արձանագրվի, ապա այն բժշկական կենտրոնները, որոնք հետ էին վերադարձել իրենց հիմնական աշխատանքին, 1-2 օրվա ընթացքում կարողանալու են կրկին կատարել այն բոլոր ֆունկցիաները, որոնք կատարում են հիմա։
Եթե ենթադրենք, որ երկրորդ ալիքը լինելու է մոտավորապես այնպիսին, ինչպիսին առաջին ալիքն էր, ապա մենք լիովին պատրաստ ենք դրան»։
Ըստ Արսեն Թորոսյանի՝ կորոնավիրուսի դեպքերի պիկը եղել է հուլիսի 6-ին, այդ օրն են գրանցվել ամենամեծ թվով ակտիվ դեպքերը.
«Այդ օրվանից անց մենք ամեն օր ավելի քիչ թվով պացիենտներ ենք ունեցել, և վերջին օրերն արձանագրում են նույն տենդենցը: Շարունակելով մեր համաճարակաբանական բոլոր պարզ կաննոնները՝ դիմակների կրումը, սոցիալական հեռավորությունը և ձեռքերի ախտահանումը, մենք ռեալ շանս ունենք տեմպը պահելու և արագացնելու»: