«Վրաստանը խախտել է ՄԻԵԴ-ի որոշումը»․ իրավապաշտպանները՝ Սադիգովի գործի մասին
Իրավապաշտպանները՝ Աֆղան Սադիգովի գործի մասին
Սոցիալական արդարության կենտրոնը (ՍԱԿ) հայտարարել է, որ 2026 թվականի ապրիլի 5-ին ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Սադիգովը հրատապ կերպով Վրաստանից արտաքսվել է Ադրբեջան՝ չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտաքսման ժամանակավոր արգելք էր կիրառել։
Ըստ կազմակերպության՝ Սադիգովը երկրից արտաքսվել է լուսաբացին՝ առանց կամավոր հեռանալու հնարավորության։ Կենտրոնը պնդում է, որ այս որոշմամբ Վրաստանը կոպտորեն խախտել է ՄԻԵԴ-ի որոշումը, որն ուղիղ արգելել էր լրագրողի տեղափոխումն Ադրբեջան։
Իրավապաշտպանների խոսքով՝ միջադեպի մասին տեղեկատվությունն անմիջապես տրամադրվել է ՄԻԵԴ-ին։
2026 թ․-ի ապրիլի 10-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը լրացուցիչ պարզաբանումներ է պահանջել կողմերից՝ թե՛ դիմողից, թե՛ Վրաստանի և Ադրբեջանի կառավարություններից։
Դատարանի հիմնական հարցը վերաբերում է նրան, թե արդյոք Սադիգովի տեղափոխումը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածը, որը իրավունքների խախտումների վերաբերյալ անհատական բողոք ներկայացնելու իրավունքը պաշտպանող նորմ է։
Սոցիալական արդարության կենտրոնը նշում է, որ այս հարցը հատկապես կարևոր է, քանի որ այն անմիջականորեն կապված է պետության պարտավորության հետ՝ չմիջամտել անձի՝ ՄԻԵԴ-ին դիմելու իրավունքին։
Իրավապաշտպանների գնահատմամբ՝ դատարանն այժմ պետք է քննի հարցը, թե արդյոք Վրաստանի կառավարության գործողություններն ազդել են Կոնվենցիայով երաշխավորված՝ անհատական բողոք ներկայացնելու իրավունքի արդյունավետ իրականացման վրա։
Կենտրոնի տվյալներով՝ այս դեպքը լուրջ մտահոգություններ է առաջացնում, որ Վրաստանի իշխանությունները կարող են փորձել խուսափել իրենց միջազգային պարտավորություններից։
Կազմակերպության հայտարարության մեջ ընդգծվում է, որ նման գործողությունները հակասում են հիմնարար սկզբունքներին, որոնք արգելում են անձի վերադարձը այնպիսի երկիր, որտեղ նրան սպառնում է հետապնդման կամ դաժան վերաբերմունքի իրական վտանգ։
Այն նաև ուշադրություն է հրավիրում պետության պարտավորության վրա, այն է՝ ապահովել արդյունավետ իրավական պաշտպանություն և միջազգային դատարանների որոշումների պարտադիր կատարում։
Սոցիալական արդարության կենտրոնը հայտարարում է, որ շարունակում է պաշտպանել Աֆղան Սադիգովի շահերն ու նախատեսում է օգտագործել հնարավոր բոլոր իրավական մեխանիզմները նրա իրավունքները պաշտպանելու համար։
Սադիգովի գործը
2026 թ․-ի ապրիլի 4-ի գիշերը Թբիլիսիի իր տանը ձերբակալվել էր Ալիևի կառավարությանը քննադատող ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովը։ Նույն գիշերը տեղի էր ունեցել դատական նիստ, որի ժամանակ դատավորը որոշել էր Սադիգովին արտաքսել Վրաստանից։
Որոշումն անմիջապես իրագործվել էր։ Մի քանի ժամ անց Ադրբեջանի իշխանությունների կողմից հետապնդվող լրագրողը հայտնվել էր Բաքվում։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ Սադիգովի գործը վերաբերում է սոցցանցերում ոստիկանին վիրավորելուն։ Սակայն դատավարության արագությունն ու համատեքստն այս վարկածը կասկածելի են դարձնում։
Գրեթե երկու տարի է, ինչ Ադրբեջանը պահանջում էր արտահանձնել Աֆղան Սադիգովին։ Նրա փաստաբաններն այս քայլը վտանգավոր էին համարում, ուստի վրացական դատարանի արտահանձնման որոշումների դեմ բողոք ներկայացրին ՄԻԵԴ, արդյունքում գործընթացը ժամանակավորապես կասեցվեց։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Իրավապաշտպանները՝ Աֆղան Սադիգովի գործի մասին