Թրամփը՝ Քրիստոսի կերպարով․ հակամարտություն Հռոմի պապի հետ
Թրամփը՝ Քրիստոսի կերպարով
Դոնալդ Թրամփը գնալով ավելի ու ավելի ակտիվորեն է օգտագործում կրոնական խորհրդանիշները իր քաղաքական կերպարն ուժեղացնելու համար։ Դա դառնում է ոչ միայն նրա անձի պաշտամունքի տարր, այլև Վատիկանի և Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ լարված հարաբերությունների պատճառ։
Ըստ «Նովայա Գազետա Եվրոպա»-ի հրապարակման
____________________________________________________________________________________
Ապրիլի 13-ին Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել էր արհեստական բանականության կողմից ստեղծված նկար, որում ինքը պատկերված էր Հիսուս Քրիստոսի կերպարով՝ սպիտակ հագուստով և կարմիր թիկնոցով նա բուժում կամ վերակենդանացնում էր անկողնային հիվանդ ծերունու: Աջ ձեռքով մեսիա-Թրամփը դիպչում էր դժբախտ տղամարդու ճակատին, մինչդեռ ձախից պայծառ աստվածային լույս է ճառագում: Պատկերն ուղեկցում էին հաղթանակի նշաններ՝ ոգևորված ամբոխ, հրավառություն, ամերիկյան դրոշ և թռչող սարքեր:
Նկարը հեռացվեց միայն մեկ օր անց՝ լրատվամիջոցներում և սոցցանցերում բարձրացած աղմուկից հետո:

Այս ժեստը տեղավորվում է ավելի լայն համատեքստում. Սպիտակ տուն Թրամփի «երկրորդ գալուստից» հետո անցած մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակահատվածում բազմաթիվ ակադեմիական և լրագրողական ուսումնասիրություններ են ի հայտ եկել, որոնք պնդում են, որ թրամփիզմը (կամ MAGA շարժումը) հեշտությամբ կարելի է նկարագրել որպես զուտ կրոնական երևույթ, աղանդ կամ կիսակրոնական ֆենոմեն։
Սա, մասնավորապես, վերաբերում է խարիզմատիկ դիսպենսացիոնալիզմի ազդեցությանը՝ որոշ ամերիկացի բողոքականների ուսմունքին, ըստ որի՝ Աստծո կամքը շարունակում է բացահայտվել ընտրված առաջնորդների միջոցով, և նրանց հաջողությունը քաղաքականության և բիզնեսի մեջ ընկալվում է որպես Աստծո ընտրյալ լինելու նշան։
Այս տրամաբանությամբ Թրամփի գլոբալ նկրտումները, այդ թվում՝ անձնական վետոյի իրավունքով ստեղծած «Խաղաղության խորհուրդը», նրա կողմնակիցների կողմից մեկնաբանվում են որպես «Աստծո օծման» դրսևորում։
ԱՄՆ բանակի որոշ հոգևորականներ նմանատիպ տերմիններ են օգտագործել՝ բացատրելու համար Մերձավոր Արևելքում Թրամփի հորինած Արմագեդոնը: «Նախագահ Թրամփը օծվել է Հիսուսի կողմից՝ Իրանում ազդանշանային կրակներ վառելու համար, որոնք կբերեն Արմագեդոն և կնշանավորեն Հիսուսի վերադարձը երկիր»,- մարտի սկզբին քարոզել է մի հրամանատար, որին հղում է անում Ռազմական կրոնական ազատության ամերիկյան հիմնադրամը։
Ավելի վաղ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո, մեծ իրարանցում էր առաջացրել արհեստական բանականության կողմից ստեղծված մեկ այլ նկար, որում Թրամփը պատկերված էր Հռոմի պապի զգեստով։ Թրամփը պնդեց, որ չգիտի, թե ինչպես է պատկերը հայտնվել իր էջում։ Սակայն հունվարի 21-ին Դավոսի տնտեսական ֆորումում նա ինքն իրեն անվանեց «ժամանակակից աշխարհի պապ»՝ ընդգծելով իր համընդհանուր դերը։

Հակամարտություն Լևոն XIV-ի հետ
Ապրիլին Թրամփն իր նախագահության մեկնարկից ի վեր ամենախիստ քննադատությունն է հնչեցրել Հռոմի պապ Լևոն XIV-ի հասցեին։ Նա պապին անվանել է «թույլ և «սարսափելի արտաքին քաղաքականության մեջ»՝ հայտարարելով, որ չի ցանկանում լսել ԱՄՆ նախագահին ուղղված քննադատություն Հռոմի պապի շուրթերից։ Այս խոսքերը հնչել են՝ չնայած նրան, որ Լևոն XIV-ը կաթոլիկների շրջանում համարվում է ավելի պահպանողական, քան իր նախորդը՝ Ֆրանցիսկոսը։
Հռոմի պապը կտրուկ պատասխանեց. չի վախենում Թրամփի վարչակազմից և իր խնդիրն է համարում բացահայտ խոսել Ավետարանի պատգամի մասին, քանի որ հենց դրա համար էլ գոյություն ունի եկեղեցին։
«Խաղաղության խորհուրդն» ու Վատիկանի մերժումը
Սպիտակ տան և Սուրբ Աթոռի միջև ներկայիս լարվածությունը սկսվել է հունվարին, երբ Թրամփը Լևոն XIV-ին հրավիրել էր միանալ իր ստեղծած «Խաղաղության խորհրդին»: Այս կառույցը ՄԱԿ-ի այլընտրանքն է, անդամ են ընտրված պետություններ, իսկ վետոյի իրավունք ունի միայն մեկ անձ՝ Թրամփը։ Գրեթե մեկ ամիս անց Վատիկանը մերժել էր։ Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը վերահաստատել էր իր հավատարմությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված միջազգային կարգին և ՄԱԿ-ի կենտրոնական դերին։
Ինչպես ավելի ուշ հաղորդեց ամերիկյան The Free Press պարբերականը, այս մերժումը ավելի խորը հակամարտության միայն մի մասն էր։
Թրամփի վարչակազմին և Պենտագոնին նյարդայնացրել են նաև հունվարի 9-ին դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Լևոն XIV-ի արած դիտողությունները, նա դատապարտել էր «ուժային դիվանագիտությունը», պատերազմը՝ որպես նոր նորմալացված երևույթ և Վենեսուելայի դեմ արտաքին ագրեսիան։
Ըստ The Free Press-ի` այս հայտարարությունները հանգեցրին նրան, որ Պենտագոնը հետ կանչեց ԱՄՆ-ում առաքելական նվիրակին (Սուրբ Աթոռի դեսպանը)՝ կարդինալ Քրիստոֆ Պիեռին։ ԱՄՆ պատերազմի փոխնախարար Էլբրիջ Քոլբին ուղիղ տեքստով սպառնաց նվիրակին.
«Միացյալ Նահանգներն ունի բավարար ռազմական ուժ, որպեսզի աշխարհում անի այն, ինչ ուզում է։ Ավելի լավ կլինի, եթե կաթոլիկ եկեղեցին մեր կողմը բռնի»։
Հանդիպման մասնակիցներից մեկը նույնիսկ հիշեցրել էր 14-րդ դարում պապերի Ավինյոնյան գերությունը, երբ կաթոլիկ եկեղեցու ղեկավարները փակված էին Հռոմից հեռու գտնվող ֆրանսիական թագավորական ամրոցում։ Մարտին Քրիստոֆ Պիեռը հրաժարական տվեց՝ չկարողանալով դիմանալ նման բիրտ և ոչ քաղաքակիրթ պայմաններում աշխատելուն։
Սուրբ Զատիկը՝ որպես կոնֆլիկտի գագաթնակետ
Թրամփիստների սպառնալիքները ոչ մի ազդեցություն չունեցան Վատիկանի վրա։ Զատկի տոնին Լևոն XIV-ը կրկին աշխարհի առաջնորդներին կոչ արեց հրաժարվել ուրիշներին գերիշխելու ցանկությունից: Սուրբ շաբաթվա ընթացքում նա նաև քննադատեց «իմպերիալիստական օկուպացիայի» նոր ձևերը, մասնավորապես՝ Ուկրաինայում և Իրանում, և ասաց, որ Աստված մերժում է քաղաքական գործիչների՝ պատերազմի մղող աղոթքները։
Լևոն XIV-ի նկատմամբ Թրամփի զայրույթն ահագնանում է նաև այն փաստի բերումով, որ Հռոմի պապը ծնվել, կրթություն է ստացել և ծառայել է Միացյալ Նահանգներում, ինչի համար էլ Սպիտակ տունը հատուկ խաղադրույք է կատարել նրա վրա։ «Եթե ես չլինեի Սպիտակ տանը, Լևոնը Վատիկանում չէր լինի», — թվիթերյան էջում գրել է ԱՄՆ նախագահը՝ փորձելով հասկացնել, թե Հռոմի պապը «դավաճանել է» իրեն: Սակայն Լևոն XIV-ը երբեք հավատարմության երդում չի տվել Թրամփին։
Բարոյական բանավեճ միգրացիայի և պատերազմի շուրջ
Լևոն XIV-ը մնում է ամերիկացի հայրենասեր, բայց հրապարակավ հեռանում է Թրամփի քաղաքականությունից այն հարցերում, որտեղ նա բարոյական խնդիրներ է տեսնում: Իրանի վրա հարձակումից հետո նա չեղարկեց հուլիսի 4-ին՝ Ամերիկայի անկախության 250-ամյակին, ԱՄՆ նախատեսված այցը և փոխարենը որոշեց այցելել իտալական Լամպեդուզա կղզի՝ միգրանտական ճգնաժամի խորհրդանիշ և աֆրիկացի փախստականների՝ ԵՄ ժամանման առաջին կետ։
Միգրացիայի հարցը վաղուց է բաժանել Թրամփի կողմնակիցներին և կաթոլիկ եկեղեցուն։ Կես տարի առաջ Լևոն XIV-ը ուղղակիորեն դատապարտեց անօրինական ներգաղթյալների արտաքսման մեթոդները՝ հայտարարելով, որ անընդունելի է այդպես վարվել երկրում 10, 15 կամ 20 տարի ապրած մարդկանց հետ, և պնդեց, որ դա ուղեկցվում է բռնությամբ։
Վատիկանը դեմ է քաղաքական մեսիականությանը
Չնայած բարձրագոչ հայտարարություններին՝ Թրամփը դեռևս զգալի հաջողությունների չի հասել միջազգային հակամարտությունների լուծման գործում։ Վատիկանը, չնայած աշխարհի ամենափոքր պետությունն է, պահպանում է զգալի բարոյական և քաղաքական ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս անտեսել Սպիտակ տան ճնշումը։
Թրամփի և Լևոն XIV-ի միջև հակամարտությունը ցույց է տալիս ոչ միայն ԱՄՆ նախագահի անձնական հիասթափությունը, այլև առաջնորդող երկու մոդելների միջև ավելի խորը բախումը՝ քաղաքական մեսիականությունը, որը հավակնում է սրբազան կարգավիճակի, և կրոնական ունիվերսալիզմը, որը հրաժարվում է ենթարկվել պետական իշխանությանը։
Իրանի արձագանքը
Երկուշաբթի օրը Լևոն XIV-ն անսպասելիորեն հանրային աջակցություն ստացավ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանից: X սոցիալական ցանցում նա դատապարտեց կրոնական գործիչներին ուղղված վիրավորանքները և Քրիստոսի կերպարով Թրամփի կոլաժն անվանեց «պղծում Հիսուսի», ով իսլամում մեծարվում է որպես մեծ մարգարե:
Դրանից հետո Թրամփը ջնջեց նկարը, բայց, ի տարբերություն անցյալ տարվա Հռոմի պապի պատկերի հետ կապված միջադեպի, նա չպնդեց, թե չի վերահսկում իր էջը: Այս անգամ նա ասաց. «Ես կարծում էի, թե դա ես եմ՝ բժշկի հագուստով»: