Հայաստանի դպրոցականների և ուսուցիչների համար ալկոգելն ու դիմակները կապահովի կառավարութունը
Հայաստանում ուսումնական տարին կորոնավիրուսի համավարակի պատճառով կսկսվի սովորականից ավելի ուշ՝ ոչ թե սեպտեմբերի 1-ին, այլ 14–ին՝ առաջին դասարանցիների համար, 15-ին՝ մնացած բոլորի։
Ուսուցիչներին և աշակերտներին առավելագույնս պաշտպանելու համար կառավարությունը որոշում է ընդունել երկրի բոլոր դպրոցներին և վարժարաններին դիմակներ, ալկոգել և այլ ախտահանիչ միջոցներ տրամադրել։
Սեպտեմբերի 11–ին երկրում ավարտվում է արտակարգ դրության ռեժիմը։ Կառավարությունը մտադիր չէ այն երկարաձգել և արդեն ընդունել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը թույլ կտա երկիր որևէ վարակի ներթափանցման, դրա առաջացման և տարածման, որևէ համաճարակի բռնկման վտանգի դեպքում կարանտին սահմանել։ Ընդ որում, այն հայտարարել առանձին քաղաքներում և գյուղերում, անգամ՝ կազմակերպություններում, բայց ոչ ամբողջ երկրում։
Երկիրը հուլիսի սկզբին հաղթահարել է կորոնավիրուսի տարածման գագաթնակետը, իրավիճակն այս պահին բարենպաստ է համարվում, սակայն ոչ ոք չի բացառում երկրորդ ալիքի հնարավորությունը հենց այն առնչությամբ, որ ԱԴ ռեժիմի ավարտից հետո դպրոցներն ու բուհերը սկսելու են աշխատանքը։
● Դիմակներով, առանց դասամիջոցների և բուֆետի․ Հայաստանը պատրաստվում է նոր ուսումնական տարվան
● Հայաստանում այլևս չեն երկարաձգի կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ իրավիճակը
Դպրոցներին հատկացվելիք օգնությունը
Դիմակների, ալկոգելի և ախտահանիչ այլ միջոցների անհրաժեշտ քանակի գնման համար կառավարությունը մոտ 647 մլն դրամ է տրամադրել։ Դպրոցներն ու վարժարանները դիմակներ կստանան ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների և վարչական աշխատակիցների համար։
Մեկ ամսվա գումարը հաշվարկվել է 25 դրամ մեկ դիմակի համար և 1 120 դրամ 1 լիտր ալկոգելի համար՝ 3–ական մլ մեկ հոգու համար սկզբունքով։ Հաշվի է առնվել նաև տարածքների ախտահանման համար լուծույթների գինը՝ 3 500 դրամ մեկ կիլոգրամի դիմաց։
Ռիսկերի մասին
Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը՝ ուսումնական հաստատություններում դասերի վերսկսման մասին որոշում ընդունելուց անմիջապես հետո, կոչ արեց դպրոցականներին և ուսանողներին ինքնակամ ինքնամեկուսացվել։ Խոսքն ուսումնական տարվա մեկնարկից առաջ երկշաբաթյա մեկուսացման մասին է՝ կորոնավիրուսի տարածման ռիսկը նվազեցնելու համար։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ երեխաները պետք է դպրոց այցելեն հոգեկան, հուզական և ֆիզիկական առողջության տեսանկյունից։ Նրանց այդ պահանջմունքներն անհնար է լրացնել առցանց դասերի միջոցով։
Նրա կարծիքով՝ եթե համավարակն ավարտվեր երկու ամսից, կարելի էր դպրոցները չբացել և դասերն առցանց ռեժիմում շարունակել։ Սակայն եթե այն ևս կես տարի կամ մեկ տարի տևի, ապա կրթության որակը լրջորեն կարող է տուժել։
Այնուամենայնիվ, համավարակի պայմաններում, ըստ փորձագետի, նախընտրելի կլիներ բացել միայն մայրաքաղաքի տարրական դասարանները՝ 1–ից 4-րդ, ինչպես նաև փոքր գյուղական դպրոցները՝ մինչև 150 աշակերտով։
Խաչատրյանը նշում է, որ այդտեղ ավելի հեշտ է անհրաժեշտ պայմաններ ստեղծել, դասերը կարելի է երկու–երեք երեխա ունեցող դասարաններում անցկացնել և սոցիալական հեռավորություն պահպանել։
Ընդհանուր առմամբ, գյուղերում վարակի տարածման դեմ պայքարելն ավելի հեշտ է։ Երևանում այդ առումով ավելի դժվար է, քանի որ դպրոցները համեմատաբար մեծ են, ամեն դասարանում միջինում մինչև 30 աշակերտ կա։ Մայրաքաղաքի ամենափոքր դպրոցում մինչև 300 աշակերտ կա, ինչն արդեն զանգվածային վարակման ռիսկեր է ստեղծում։