Դաշնակցական Գեղամ Մանուկյանը հացադուլ է հայտարարում Հայաստանի վարչապետի հրաժարականի պահանջով
ՀՅԴ անդամ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը նոյեմբերի 23-ին Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որ անժամկետ հացադուլ է հայտարարում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Նա նաև հայտարարությամբ հանդես եկավ լրագրողների առջև Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ և բացատրեց, որ սա իր անձնական որոշումն է, որպես դաշնակցական Գեղամ Մանուկյան, ոչ թե կուսակցության դիրքորոշումը կամ պահանջը։ Նրա կարծիքով՝ սա ազդեցիկ և արդյունավետ պայքարի միջոց է։
Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է, որ նա դիմում է այս ծայրահեղ քայլին «իբրև ՀՀ քաղաքացի, որ
- մտահոգ է այս վիճակի համար,
- ապրում է անձնական, ազգային ողբերգություն՝ ՀՀ իշխանությունների ու հատկապես՝ վարչապետ Փաշինյանի վարած ապաշնորհ ու քայքայիչ գործունեության արդյունքում մեր Հայրենիքի մի կարեւոր հատվածի կորստյան պատճառով,
- գիտակցելով, որ այս իշխանությունը, վարչապետ Փաշինյանը անկարող են երկրում կատարել փոփոխություններ, վարել բանակցություններ ու Արցախյան հարցում փորձել ստանալ հնարավորինս բարվոք պայմաններ»։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ փորձում է նրան համոզել հրաժարվել այս քայլից, քանի որ «Նիկոլ Փաշինյանը խիղճ չունի, միայն ուրախ կլինի, եթե Մանուկյանը հյուծվի, բոլորս գործ ունենք մի դաժան մարդու հետ, որի համար մարդկային կյանքը զրո է»։
Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարվել իր որոշումից։ Նա ուղևորվեց կառավարության շենքի մոտ, որտեղ պատրաստվում էր անցկացնել հացադուլը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին նրան տեղավորվել աստիճանների մոտ։