Գերմանիայում ապաստան խնդրող ադրբեջանցիների թիվը մեկ տարվա ընթացքում եռապատկվել է
2016թ-ին Ադրբեջանի 4750 քաղաքացի ապաստան է խնդրել Գերմանիայում: 2015թ-ի համեմատ, այդ ցուցանիշն աճել է երեք անգամ:
2016թ-ին ստացված 4750 դիմումներից որոշում է ընդունվել միայն 2722 մարդու վերաբերյալ, ընդ որում, դրական որոշում է կայացվել միայն 459-ի հանդեպ, այսինքն՝ ապաստան խնդրող ադրբեջանցիների մոտ 10%-ի: 63.4%-ի հանդեպ մերժում է եղել հիմքերի բացակայության պատճառով: Ոմանք երրորդ երկրներ են ուղարկվել, իսկ մնացածի գործերը քննման փուլում են: Այս մասին հաղորդում է ANN.Az պորտալը՝ վկայակոչելով Գերմանիայի միգրացիայի և փախստականների գործերով դաշնային վարչության տվյալները:
2015թ—ին Գերմանիայում ապաստան է խնդրել Ադրբեջանի 1497 քաղաքացի: Միայն 71 մարդ է դրական պատասխան ստացել:
Ադրբեջանի իրավապաշտպան կենտրոնի տնօրեն Էլդար Զեյնալովի խոսքով՝ ապաստան փնտրողների մեծ մասն իրենց խնդրանքը հիմնավորում են հայրենիքում քաղաքական հետապնդումներով: Գերմանիան այլ ծրագրեր ունի էթնիկ գերմանացիների հայրենադարձության և հրեաների վերաբնակեցման, ընտանիքների վերականգնման համար, ինչպես նաև այլ հումանիտար ծրագրեր, մարդկանց այս կատեգորիաները ընդհանուր ընթացակարգ չեն անցնում:
Զեյնալովն ավելացնում է որ վերջին տարիներին որոշ իրավապաշտպաններ շահագործում են Եվրոպա արտագաղթելու ադրբեջանցիների աճող ցանկությունը: «Դեպքեր են եղել, որ գործընկերներցս ոմանց դատել են խարդախության համար: Անձամբ ինձ մի քանի անգամ ապարդյուն մոտեցել են ինչ-որ փաստաթուղթ տալու խնդրանքով: Խնդրողների խոսքով, իրավապաշտպանների վկայագրերը Եվրոպական միգրացիոն ծառայություններում ավելի բարձր են գնահատվում, քան այն փաստաթղթերը, որոնք մեր քաղաքացիներին մատակարարում են քաղաքական կուսակցությունները», — ասել է Զեյնալովը JAMnews—ի թղթակցին: