Բաքվում սողանքային գոտում չորս տուն է փլուզվել
Չորս տուն է ամբողջությամբ փլուզվել Բայիլ ավանում՝ Բաքվի հեռուստաաշտարակից ոչ հեռու, տեղի ունեցած սողանքի հետևանքով: Տուժածներ չկան:
«Երկու շաբաթ առաջ այս տարածքում բոլոր տներն ազատվել են: Այստեղ ոչ ոք չի բնակվում», — ԱՊԱ գործակալությանը հաղորդել է արտակարգ իրավիճակների շրջանային հանձնաժողովի նախագահ Աբիդ Ալիևը:
Սակայն այդ միջադեպը սողանքի գոտում գտնվող հարևան տների բնակիչների համար հուզվելու առիթ է դարձել:
«Մարդիկ տագնապի մեջ են: Նրանց դեռևս չեն վերաբնակեցնում և անվտանգ բնակարան վարձակալելու համար փոխհատուցում չեն տրամադրում: Առաջարկում են ժամանակավորապես, մինչև վերջնական որոշում կայացնելը, տեղափոխվել համար 163 դպրոցի շենք», — գրում է լրագրող Ռամին Դեկոն իր ֆեյսբուքյան էջում:
Սաբայիլի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Էլդար Ազիզովն այցելել է սողանքի գոտու տարածք և հանդիպել տեղի բնակիչների հետ:
«Բայիլի սողանքային գոտում իրավիճակը լուրջ է, ներկա պահին տարածքում անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվում», — ասել է Ազիզովը:
Գործադիր իշխանության ղեկավարը հավելել է, որ հաջորդ շաբաթվա սկզբից բնակիչներին վարձով բնակարան տեղափոխվելու համար գումար կտրամադրվի: Բնակիչներին, որոնք ժամանակավոր բնակության վայր չունեն, միջնակարգ դպրոցում տեղ է հատկացվել: Նրանք օրական երեք անգամ տաք սննդով են ապահովվում: