Բաքվում կալանավորվել է Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը
Պաշտպանության նախկին նախարար, 74-ամյա Ռահիմ Գազիևը դեկտեմբերի 26-ին դատապարտվել է 10 օրվա վարչական կալանքի: Գազիևը ձերբակալվել էր նախորդ գիշեր և մեղադրվել ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար:
Ոչ փաստաբանը, ոչ ազգականները ներկա չեն եղել Գազիևի դատական նիստին, որի ընթացքում հայտարարվել էր նրա դատավճիռը: Կալանավորվածի եղբայր Ռահաբ Գազիևը Turan գործակալությանն ասել է, որ դատարանի որոշման մասին իրեն տեղեկացրել են միայն օրվա ավարտին Բաքվի Նարիմանովի շրջանի ոստիկանության բաժանմունքից: Ընդ որում, ոստիկանության աշխատակիցները ողջ օրվա ընթացքում հերքում էին, որ Գազիևը գտնվում է այդ բաժանմունքում: Նրա գտնվելու վայրի մասին ոչ մի տեղեկատվություն չի տրամադրվել նաև Գազիևի փաստաբան Զիբեյդա Սադիղովային:
Տեղի իրավապաշտպանները կարծում են, որ ձերբակալման պատճառ կարող էր լինել պաշտպանության նախկին նախարարի հարցազրույցը Kanal-13 առցանց հեռուստատեսությանը, որը youtube-ում է հայտնվել դեկտեմբերի 21-ին, և որում նա կտրուկ քննադատել է Ադրբեջանին նախագահին:
74-ամյա Գազիևի կալանքը հակասում է Ադրբեջանի օրենսդրությանը, քանի որ, վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի համաձայն, 65 տարեկանից բարձր տղամարդիկ չեն կարող վարչական կալանքի ենթարկվել:
Ռահիմ Գազիևն Ադրբեջանի ժողովրդական ճակատի կառավարման անդամ է եղել: 1992թ-ի մարտից մինչև 1993թ-ի փետրվարը գլխավորել է պաշտպանության նախարարությունը: Հեյդար Ալիևի իշխանության գալուց հետո կալանավորվել է և դատապարտվել մահվան ծանր հանցանքների մեղադրանքով: Ավելի ուշ դատավճիռը սկզբում փոխարինվել է ցմահ ազատազրման, այնուհետև՝ 15 տարվա ազատազրկման: 2005թ-ին նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում է շնորհել: