Հայաստանում աշխատավարձային ֆոնդը վերջին տարում աճել է՝ չնայած ճգնաժամին
Հայաստանի իշխանությունները թվեր են հրապարակում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված հակաճգնաժամային ծրագրերի հաջողության մասին։ Մասնավորապես, խոսքը աշխատավարձային ընդհանուր ֆոնդի ավելացման մասին է՝ չնայած այն բանին, որ արտակարգ դրություն սահմանելուց հետո՝ մարտից մինչև մայիս, երկրի գրեթե բոլոր ձեռնարկությունները կանգնած էին։
Վիճակագրության համաձայն՝ 2020 թ–ի հուլիսին երկրում աշխատավարձերի համախառն ֆոնդն ավելացել է 20 մլն դոլարով՝ ի տարբերություն նախորդ տարվա հուլիսի ցուցանիշի։
Երկրում արտակարգ դրություն սահմանելուց հետո կառավարությունը 24 հակաճգնաժամային ծրագիր է մշակել՝ սոցիալական օգնություն բնակչությանը և բիզնեսին աջակցության տնտեսական միջոցներ։ Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում զբաղվածության խթանմանն, օգնություն էր տրամադրվում այն կազմակերպություններին, որոնք չեն կրճատել իրենց աշխատակիցներին։
ԱՄՆ Պետդեպը, հաջող համարելով ճգնաժամի հաղթահարման համար Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերը, լրացուցիչ օգնություն է տրամադրում զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտների վերականգնման, ինչպես նաև միգրանտներին աջակցելու նպատակով։
● Կորոնավիրուսից տուժած զբոսաշրջության ոլորտն օգնություն կստանա Հայաստանի կառավարությունից
● Կորոնավիրուսն՝ ընդդեմ գինեգործների և խաղողագործների
● Հայաստան։ Երեք կանանց պատմություններ, որոնք իրենց բիզնեսը փրկում են կորոնավիրուսից
Աշխատավարձային ֆոնդի ավելացման մասին
Հայաստանի վարչապետը Facebook-ի իր էջում վիճակագրական տվյալներ է հրապարակել աշխատավարձային համախառն ֆոնդի մասին։
Ըստ Նիկոլ Փաշինյանի գրառման՝ աշխատող քաղաքացիների աշխատավարձային ֆոնդը․
— 2020 թ–ի հուլիսին կազմել է 127 մլրդ 391 մլն դրամ,
— 2020թ. հունիսին կազմել է 120 մլրդ 846 մլն դրամ,
— 2019թ. հուլիսին՝ 117 մլրդ 627 մլն դրամ։
Նրա խոսքով՝ բոլոր թվերը ներկայացված են կազմակերպությունների հաշվետվությունների հիման վրա, դրանք այն գումարներն են, որ վճարվել են գործավորներին և որոնց դիմաց եկամտային հարկ է հաշվարկվել:
Վարչապետը կարծում է, որ աշխատավարձերի ֆոնդի ավելացումը կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցների արդյունքն է, որոնք ուղղված էին աշխատատեղերի ու աշխատավարձերի մակարդակի պահպանմանը։
Ընդ որում, ըստ Փաշինյանի գրառման՝
— 2019թ. հուլիսին համախառն աշխատավարձը բաշխվել է 606 հազար 465 աշխատակցի միջև․
— 2020 թվականի հուլիսին աշխատավարձի հիմնադրամի բաշխմանը մասնակցել է 613 հազար 62 աշխատատեղ։
Այսինքն՝ մեկ տարում աշխատատեղերի քանակն ավելացել է 6 597–ով։
Ըստ փորձագետների՝ բարդ է ասել, թե քանիսն են դրանցից նոր աշխատատեղեր։ Հնարավոր է, որ խոսքը գնում է ավելի շատ «ստվերից դուրս գալու» մասին, այսինքն՝ կազմամկերպությունները գրանցել են արդեն իսկ իրենց ունեցած աշխատակիցներին։
ԱՄՆ Պետդեպի օգնության մասին
ԱՄՆ–ն 1 մլն 436 հազար դոլար լրացուցիչ օգնություն կտրամադրի Հայաստանի կառավարությանը կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման ծրագրերի համար։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) երևանյան ներկայացուցչության մամուլի ծառայությունը։
Մեկ միլիոն դոլարն ուղղվելու է երկրում գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների վերականգնմանը։ Գումարի մնացած մասը տրամադրվում է միգրանտներին աջակցելու համար, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայասատնում են և չեն կարողանում վերադառնալ իրենց մշտական բնակության երկրներ։