Ադրբեջանում մարդկանց ոստիկանություն են կանչում սոցցանցերում կորոնավիրուսի մասին գրառումների համար
Այսպիսին են «վնասակար տեղեկությունների» տարածման արգելքի առաջին արդյունքները
Ադրբեջանում մի քանի քաղաքացու ոստիկանություն են կանչել կորոնավիրուսի մասին ֆեյսբուքյան գրառումների համար։ Նրանց խոսքով՝ ոստիկանները ստիպել են հեռացնել այդ գրառումներն ու նախազգուշացում են տվել։ Այսպիսվ, ուժի մեջ են մտնում օրենսդրական նոր նախաձեռնությունները, որոնք արգելում են «վնասակար տեղեկությունների» տարածումը։
Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Ադրբեջանում մարտի 25–ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 87 դեպք։ Վարակվածներից մեկը մահացել է, տասն՝ ապաքինվել։
Մեջբերումն ու կատակը՝ ոստիկանություն կանչելու առիթ
Ամինա Մամեդովային ոստիկանություն են տարել ուղիղ տնից կոռուպցիայի և այն մասին գրառումների պատճառով, որ Բաքվում կորոնավիրուսից մահացածների թիվն արհեստականորեն նվազեցված է։
«Այդ ամենի մասին ես գրել եմ՝ ուրիշի խոսք մեջբերելով և չակերտների մեջ առնելով, որպեսզի պարզ լինի, որ դա մեջբերում է։ Ոստիկանությունում կարդացին նոր օրենքն ու ասացին, որ սահմանափակվում են միայն նախազգուշացմամբ, քանի որ ես երիտասարդ եմ, շուտով ամուսնանալու եմ, և ծնողներս լավ մարդիկ են», – այսպես է աղջիկը նկարագրում ոստիկանական բաժանմունքում իր գտնվելը՝ հավելելով, որ իր հետ կոռեկտ են վարվել։
Ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր Բախտիար Մամեդլիին ոստիկանություն են կանչել Բաքու մուտք գործելու արգելքի առթիվ կատակի պատճառով։
«Ոստիկաններնը հարցուփորձ են արել կենսագրությունս, ստիպել հեռացնել գրառումս և ազատ արձակել։ Ես ասացի, որ դա կատակ էր, սակայն նրանք զգուշացրին, որ ես այլևս նման բան չանեմ, թե չէ ավելի վատ կլինի», – պատմել է Բախտիարը։
Ի՞նչ է «վնասակար տեղեկությունը» և ինչո՞վ է այն տարբերվում կեղծից
Մարտի 4–ին գլխավոր դատախազությունը զգուշացրել է, որ խիստ միջոցներ է ձեռնարկելու լրատվամիջոցների և սոցցանցերի օգտատերերի նկատմամբ, որոնք կորոնավիրուսի մասին պաշտոնական աղբյուրներից չճշտված տեղեկություններ են տարածում։
Մարտի 17–ին Ադրբեջանի խորհրդարանը փոփոխություններ էր մտցրել «Տեղեկությունների, տեղեկատվության և տեղեկության պաշտպանության մասին» օրենքում՝ առցանց ռեսուրսներին արգելելով «կեղծ լուրեր հրապարակել, որոնք բնակչության կյանքին, առողջությանը ու գույքին վնաս հասցնելու, հանրային անվտանգության, կենսաապահովման օբյեկտների, ֆինանսական, տրանդպորտային, հեռահաղորդակցման, արդյունաբերական, էներգետիկ և սոցիալական ենթակառուցվածների կենսագործունեության զանգվածային խախտման և այլ հասարակական վտանգավոր երևույթների գոյացման սպառնալիք են ստեղծում»։
Ադրբեջանում շատերն են սա ընկալել որպես խոսքի ազատության հերթական սահմանափակում և հիշել 2017 թ–ը, երբ օրենսդրությունում արդեն նման փոփոխություններ ներառվել էին։
«Իրականում, միայն դատարանը կարող է որոշել, թե որ տեղեկությունն է կեղծ, իսկ որը՝ վնասակար։ Սակայն այս օրենքը թույլ է տալիս նման որոշում կայացնել առանց դատարանի և միանգամից արգելափակում և պատասխանատվության այլ տեսակներ սահմանել։ Նման բան նախկինում էլ է եղել։ Ոչ թե ստահոդ, այլ ճշմարտացի տեղեկությունների աղբյուրները, որոնք մեծ ազդեցություն ունեին հասարակության վրա, մեկնաբանվում էին որպես այդ օրենքի պահանջների դեմ գործող և արգելափակվում էին։ Փոփոխությունը մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Ապագայում սա կհանգեցնի շատ չարաշահումների, որոնք չեն վերահսկվի անգամ դատարանի կողմից» – ասել է տեղեկատվական իրավունքի ոլորտի փորձագետ Ալեսքեր Մամեդլին Turan գործակալությանը։
Ինչպես փորձագետն, այնպես էլ սոցցանցերի որոշ օգտատերեր նույնպես ուշադրություն են հրավիրում այն բանի վրա, որ պաշտոնական աղբյուրների կողմից չհաստատված տեղեկություները ոչ միշտ են ստահոդ և ընդհակառակը։