Ադրբեջանում խստացվում է ապօրինի կրոնական պրոպագանդայի դեմ պայքարը
Ադրբեջանի 142 քաղաքացի անցյալ տարի իրավաբանական պատասխանատվության է ենթարկվել ապօրինի կրոնական պրոպագանադայի համար, ասված է Ադրբեջանի նախարարների կաբինետի հաշվետվությունում:
Ձերբակալված քաղաքացիների մոտ «հայտնաբերվել և առգրավվել է 14 զինամթերք, հրազենի 3 միավոր, 145 խտասկավառակ, 356 գրքույկ, կրոնական գրականության 5 185 նմուշ, որոնց արտադրանքն ու ներկրումն իրականացվել է առանց գործադիր իշխանության համապատասխան մարմնի համաձայնության»:
Հաշվետվությունում ասվում է, որ երկրի քաղաքների և շրջանների 53 մզկիթներում 230 տեսանկարահանող սարք է տեղադրվել, աշատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են:
Ապօրինի կրոնական գործունեության կասեցման վերջին դեպքը տեղի է ունեցել վերջին շաբաթվա ընթացքում Բաքվի մերձակայքում՝ Բուզովնա ավանում: Փետրվարի վերջին Իրավապահ մարմինները կասեցրել են «Իմամ Զեյնալաբդին» չգրանցված աղոթատեղիի գործունեությունը: Այդ աղոթատեղիի ղեկավար Ֆարհադ Ահմեդովը վարչական պատասխանատվության է ենթարկվել, գործը փոխանցվել է դատարան:
Ադրբեջանում 2250 մզկիթ կա, որոնցից 136-ը մայրաքաղաքում են: Երկրում գործում է նաև 14 եկեղեցի և 7 սինագոգ: Հետաքրքիր է, որ պաշտոնապես գրանցված է 748 աղոթատեղի: