Sms-հաղորդագրություն իշխանություններին՝ փողոց դուրս գալուց առաջ. համաճարակի հետ կապված նոր կարգավորումներ Ադրբեջանում
Ընդ որում, երկրում արտակարգ դրություն չի մտցվել, և աջակցություն չկա այն մարդկանց, որոնք առանց ապրուստի միջոցի են մնացել։
Ադրբեջանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար ապրիլի 5-ից տեղաշարժի խիստ սահմանափակումներ են մտցվում։ Սա նշանակում է, որ միայն մարդկանց որոշ կատեգորիաներ կարող են դուրս գալ փողոց և ազատ տեղաշարժվել։ Իսկ մեծամասնությունը ստիպված կլինի ամեն անգամ այդ մասին տեղեկացնել իշխանություններին հաղորդագրության միջոցով:
Ընդ որում, երկրում պաշտոնապես արտակարգ դրություն դեռ չի հաստատվել, և կարանտինային ռեժիմի տնտեսական հետևանքների մեղմման պետական ոչ մի պլան չկա, ինչպես նաև աջակցություն՝ բնակչության այն շերտերին, որոնք դրա պատճառով առանց ապրուստի միջոցի են մնացել։
Ըստ պաշտոնական տվյալների՝ ապրիլի 2-ի դրությամբ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 400–ի։ Նրանցից հինգը մահացել է, 26-ն՝ ապաքինվել։ Երկրում կարանտինային ուժեղացված ռեժիմ է գործում։ Կազմակերպությունների և ձեռնարկությունների մեծ մասը դադարեցրել է աշխատանքը։ Ոստիկանությունը և ներքին զորքերը պարեկություն են անում փողոցներում։
Իրենց հետ ունենալով ծառայողական վկայական կամ էլ տեղեկանք աշխատավայրից՝ ազատ տեղաշարժվել կկարողանան հետևյալլ քաղաքացիները.
- իշխանության ներկայացուցիչներ և պետական պաշտոնյաներ (օրինակ՝ պատգամավորներն ու նախագահի վարչակազմի աշխատակիցները),
- նախարարությունների աշխատակիցները,
- օմբուդսմենները, փաստաբանները,
- պետական կարևորության կամ կենսաապահովմամբ զբաղվող ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատակիցները,
- բուժաշխատողները,
- իրավապահ մարմինների, դատական մարմինների աշխատակիցները, զինծառայողները,
- արտասահմանյան դեսպանատների և Ադրբեջանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների աշխատակիցները։
Ոմանք կարող են թույլտվություն ստանալ, երբ նրանց գործատուները նրանց մասին տեղեկություններ հրապարակեն www.icaze.e-gov.az կայքում։
Մնացած բոլոր քաղաքացիները կարող են տնից դուրս գալ միայն նրա համար, որպեսզի.
- աննդամթերք և առաջին անհրաժեշտության այլ ապրանք գնեն,
- բժշկի գնան,
- բանկ կամ փոստ այցելեն,
- մոտ ազգականի թաղմանը մասնակցեն։
Նախապես պետք է 8103 հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկել՝ նշելով անձը հաստատող փաստաթղթի համարն ու փողոց դուրս գալու պատճառը։
Այս նորամուծությունների խախտման համար վարչական պատիժ է նախատեսվում՝ տուգանքից մինչև ազատազրկում։
Սոցցանցերում այս սահմանափակումներն ընկալվեցին որպես պետության կողմից համատարած վերահսկման փորձ։