Ադրբեջանի նախագահի որդուն 35 մլն դոլար արժողությամբ առանձնատուն են նվիրել
Ադրբեջանի նախագահի որդին՝ 22-ամյա Հեյդար Ալիևը, շքեղ առանձնատուն ունի Մոսկվայից ոչ հեռու գտնվող հեղինակավոր ավանում։ Դրա արժեքը տվյալ պահին կազմում է մոտ $35 մլն։ Այս մասին գրում է ռուսական «Պրոյեկտ» պարբերականը ՝ վկայակոչելով Ռուսաստանի անշարժ գույքի պաշտոնական ռեեստրին ուղարկված հարցման պատասխանը։ Հոդվածում բերված է նաև նախագահի ազգականների մնացած ունեցվածքը։
Organized Crime and Corruption Reporting Project կազմակերպության հետազոտող լրագրողները պարզել են, որ այդ ընտանիքի անդամները տարբեր ձեռնարկություններ ունեն, որոնք թաքնված են օֆշորային ընկերությունների հետևում Պանամայում և Վիրջինյան կղզիներում, ինչպես նաև անշարժ գույքի թանկարժեք օբյեկտներ և նույնիսկ ոսկու հանքեր։
• Թե ինչպես է գնվում համակրանքը։ Միջազգային լրագրողական հետաքննություն՝ Ադրբեջանի օրինակով
• Դարավոր ծառեր՝ միլիարդատիրոջ գլխավոր կիրքը
Առանձնատունը ձևակերպված է Արիֆ Փաշաևի անունով, որը նախագահի աներն է և Ալիև-կրտսերի պապիկը մորական գծով։ Արիֆ Փաշաևը ֆիզիկոս է, Ադրբեջանի ավիացիայի ազգային ակադեմիայի ռեկտորն ու Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։
Մամուլի և սոցցանցերի արձագանքը
«Պրոյեկտի» հոդվածը վերատպել է մի քանի ռուսական լրատվամիջոց։ Ադրբեջանական մամուլն այս մասին ոչինչ չի գրել՝ բացառությամբ մի քանի կայքերի, որոնք աշխատում են արտասահմանից։ Փոխարենն Ալիև-կրտսերի ունեցվածքը քննարկվում էր Ֆեյսբուքի ադրբեջանական սեգմենտում։ Ահա մի քանի մեկնաբանություն․
«Իրավաբանական տեսանկյունից այնտեղ թերևս ամեն ինչ մաքուր է։ Իսկ բարոյական կողմը թողնենք։ Մեզ մոտ ընդունված չէ հաշվել ուրիշների փողերը»;
«Դա մանրուք է Դուբայի նրանց առանձնատների համեմատ»;
«Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են նրանք այդ պալատներում մաքրություն պահպանում։ Ես իմ երեքսենյականոց բնակարանն եմ դժվարությամբ կարգի բերում»;
«Իսկ միգուցե նրանք Մոսկվա տեղափոխվեն, եթե այդպիսի առանձնատուն ունեն»;
«Լռե՛ք նախանձներ»։