Ադրբեջանը բանակցություններ է վարում ՆԱԵԿ-ին անդամագրվելու համար
Ադրբեջանը բանակցություններ է վարում Նավթ արտահանող երկրների կազմակերպությանն անդամագրվելու համար, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով կազմակերպության ներկայացուցչին:
Ադրբեջանը երկու տարի առաջ դարձել է նավթի արդյունահանման համակարգված կրճատման համաձայնագրի անդամ, որին միացել են ՆԱԵԿ կազմ մտնող և չմտնող անդամներ: Այդ համաձայնագիրը հաճախ անվանում են «ՆԱԵԿ պլյուս»:
Այս օրերին Բաքվում այցով գտնվում է ՆԱԵԿ գլխավոր քարտուղար Մուհամեն Սանուսի Բարկինդոն: Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովին:
«Ադրբեջանի՝ որպես նավթային արդյունաբերության օրրանի ապագան ՆԱԵԿ-ի կազմում է: Ադրբեջանը կարևոր դեր է խաղում նավթի արդյունահանման կրճատման «ՆԱԵԿ պլյուս» գործարքի աջակցության գործում: ՆԱԵԿ-ն ու Ադրբեջանը շարունակում են համագործակցությունը համաշխարհային շուկայում նավթի գների պահպանմանն ուղղված առավել ձեռնտու գործողությունների շրջանակում», — ասել է Բարկինդոն մամուլի ասուլիսին:
Բարկինդոն լրագրողներին հայտնել է նաև, որ Իլհամ Ալիևն առաջարկել է «ՆԱԵԿ պլյուս» կոնֆերանսներից մեկը Բաքվում անցկացնել: