Աբխազիայի առողջապահության նախարարությանը կասկածում են բժշկական սարքավորումների խարդախությունների մեջ
Աբխազիայի ընդդիմությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել այն պաշտոնյաներին, որոնք մասնակից են հիվանդանոցի բժշկական սարքավորումների համար հանրապետության բյուջեից հատկացված գումարների շորթման մեջ:
Սկանդալը սկսվել է Աբխազիայի Վերահսկիչ պալատի հաշվետվությունից հետո, որը ստուգում է անցկացրել առողջապահության նախարարությունում՝ 2016թ. բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունը ճշտելու համար: Ստուգումները, մասնավորապես, ցույց են տվել, որ նախարարությունը Սուխումի մասնավոր «Սավիտար» կլինիկայի համար ձեռք է բերել սարքավորումներ, որոնք արդեն մի քանի տարի կիրառության մեջ են եղել:
Փաստաթղթերում, սակայն, դա որևէ կերպ չի նշվել. առողջապահության նախարարությունը չի կարողացել ներկայացնել այդ սարքավորումների որևէ տեխնիկական անձնագիր: Ընդ որում, նշված է եղել, որ դրանց համար վճարվել է նոր սարքավորումների գին:
Գործարքի արժեքը կազմել է ավելի քան 40 միլիոն ռուբլի (մոտ 600 հազար դոլար): Այդ գումարի մի մասը դուրս է գրվել նախագահի պահուստային ֆոնդից:
Վերահսկիչ պալատը նաև անցկացրել է համեմատական գնային վերլուծություն և եկել է այն եզրակացության, որ անգամ եթե նախարարւթյունը գներ միանգամայն նոր սարքավորումներ, միևնույն է, դրանց համար պետք է վճարեր մոտ 4 միլիոն դոլարով պակաս գումար (շուրջ 68 հազար դոլար):
«Մենք լռում ենք, չենք արձագանքում: Լռում է նախագահը: Լռում է վարչապետը: Ու՞մ ենք սպասում»,— ասում է ընդդիմության առաջնորդներից խորհրդարանի պատգամավոր Ասլան Բժանիան:
Հենց նա էլ Աբխազիայի խորհրդարանի նիստում բարձրացրել է առողջապահության նախարարության աշխատանքները ստուգելու անհրաժեշտության հարցը: Բժանիան կոչ է արել «հստակություն մտցնել հարցում» կամ պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր պատասխանատու են Վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումների համար, հակառակ դեպքում՝ լուծարել հենց Վերահսկիչ պալատը:
Խորհրդարանը պատրաստվում է առաջիկայում լսումներ անցկացնել այդ հարցի վերաբերյալ: