Ֆրանսուա Ֆիյոն. Վրաստանն ու Ուկրաինան պատրաստ չեն անդամակցելու Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին
Կիսվել
Կիսվել
Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը Le Monde ամսագրին հունվարի 22-ին տված հարցազրույցում Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ հայտարարություն է արել, որը ռուսական, ուկրաինական և վրացական լրատվամիջոցներում մեծ արձագանք է առաջացրել: Հարցումների համաձայն՝ Ֆիյոնն այս տարվա ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթելու ամենամեծ շանսերն ունի:
JAMnews-ը մեջբերում է այդ հարցի վերաբերյալ Ֆրանսուա Ֆիյոնի հայտարարությունն ամբողջությամբ:
«Հարց: Արդյո՞ք մենք կարող ենք վստահել Պուտինին:
Ֆրանսուա Ֆիյոն: Իսկ արդյո՞ք մենք կարող ենք վստահել Արևմուտքին: Արդյո՞ք երբևէ Արևմուտքը դավաճանել է Ռուսաստանին Լիբիայում, Կոսովոյում, ԵՄ հետ տնտեսական գործընկերությունում: Ռուսաստանը շատ բաների համար է պատասխանատու, սակայն նա միակը չէ: Հիշեցնեմ բոլոր նրանց անպատասխանատու հայտարարությունները, ովքեր ուզում էին, որպեսզի Վրաստանը և Ուկրաինան ՆԱՏՕ անդամ դառնան:
Հարց: Դուք կարծում եք, որ այդ երկրները պետք է, «Բրեժնևի դոկտրինի» համաձայն, սահմանափակ ինքնորոշո՞ւմ ունենան:
Ֆրանսուա Ֆիյոն: Ոչ, մենք պետք է խոստովանենք, որ Ուկրաինան և Վրաստանը պատրաստ չեն Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցել: ԱՄՆ-ին (նույնպես) ագրեսիվ պետություններ պետք չեն իր սահմաններին: Ես կարծում եմ, որ մենք շատ սխալներ ենք գործել, և, իմ կարծիքով, Ռուսաստանը հեռանում է: Արդյո՞ք մենք Ռուսաստանին կարող ենք ավելի խելամիտ դիրքորոշման բերել: Չգիտեմ: Սակայն մենք հաստատ պետք է փորձենք անել դա»:
Որոշ ռուսական լրատվամիջոցների մեկնաբանության համաձայն՝ Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել է, որ Ուկրաինան և Վրաստանը «նախատեսված չեն» ԵՄ և ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: