Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը․ ԱԳՆ հայտարարություն
Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը ձայների մեծամասնությամբ (305 «կողմ և մեկ «դեմ» ձայնով) բանաձև էր ընդունել Լեռնային Ղարաբաղը ճանաչելու անհրաժեշտության մասին։ Դա կոչ էր կառավարությանը, որն իրավաբանորեն ընդամենը խորհրդատվական բնույթ էր կրում, այսինքն՝ նախարարների կաբինետը կարող էր բանաձևն ի գիտություն ընդունել և չկատարել այն։
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը դեռևս բանաձևի քննարկման ընթացքում հայտարարել է, որ Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի միակողմանի ճանաչումը չի օգնի խաղաղ գործընթացի առաջխաղացմանը։
Բացի այդ, ըստ Լեմուանի, Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պատասխանատվությունը բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատելն է, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցի շուրջ․
«Սակայն Ֆրանսիան հավատարիմ է խաղաղության հասնելու ուղղությամբ իր պարտավորություններին և լի է Ղարաբաղում հակամարտության կայուն կարգավորման հասնելու վճռականությամբ՝ հաշվի առնելով անվտանգության պահանջներն ու տարածաշրջանի ժողովուրդների արժանապատվությունը։ Ֆրանսիան շարունակելու է անել իրենից կախված ամեն ինչ՝ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման համար։
Ֆրանսիան շարունակում է ներգրավված լինել Մինսկի խմբի համանախագահության շրջանակում՝ բոլոր չափորոշիչներով առաջ շարժվելու համար, որոնք դեռևս պետք համաձայնեցվեն նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի պայմանագրից հետո, մասնավորապես, հակամարտության ժամանակ ներգրավված օտարերկրյա վարձկանների դուրսբերման կամ տարածաշրջանի պատմական և մշակութային ժառանգության պաշտպանության հանգամանքների առնչությամբ»։
Սենատի բանաձևի մասին
Բանաձևը կոչ էր անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղն ու խաղաղ բնակչությանը մասշտաբային աջակցություն ցուցաբերել։ Փաստաթղթում խոսվում էր նաև Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ գործած ռազմական հանցագործությունների հետաքննման միջազգային հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին։
Այն կոչ էր պարունակում Ֆրանսիայի կառավարությանը՝ ձեռնարկել բոլոր ջանքերը բանակցային գործընթացի վերսկսման ուղղղությամբ՝ 1994 թ-ին գծված սահմանների ապահովմամբ, որոնք փոխվել են 2020 թ-ի սեպտեմբերին սկսված և շփման գիծը փոխած արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում։
Բանաձևի զեկուցող, սենատոր Բրյունո Ռետայոն իր ելույթում ասել էր, որ հակամարտությունը դադարեց տեղային բնույթ կրել այն բանից հետո, երբ զավթողական և իսլամիստական քաղաքականություն վարող Թուրքիայի նախագահը զանգվածային և վճռական աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին.
«Ես մեջբերում եմ հենց Էրդողանի խոսքերը. «Լեռնային Ղարաբաղը դարձել է իսլամի երկիր և վերադարձել է կիսալուսնի տակ»: Որքա՞ն էլի ագրեսիա է անհրաժեշտ, որպեսզի Եվրոպան ի վերջո հայտարարի իրական պատժամիջոցներ՝ դիվանագիտական, բայց և առավելապես՝ տնտեսական: Ե՞րբ մենք կդադարենք միամիտ լինել»:
Բանաձևի նախագիծը Սենատ էր ներկայացվել նոյեմբերի 18-ին, տարբեր խմբակցությունների հինգ պատգամավորների կողմից, որոնց թվում են հանրապետականների առաջնորդ Բրյունո Ռետայոն և «Ցենտրիստների» խմբի ղեկավար Էրվե Մարսելը։
Հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին օրինագիծը ներկայացվել էր նաև ֆրանսիական խորհրդարանի ներքին պալատ։ Փաստաթուղթն առաջարկում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն՝ Ադրբեջանի կողմից ռազմական սպառնալիքից Լեռնային Ղարաբաղի ժողովրդին պաշտպանելու համար, որը ռազմական ագրեսիա է սկսել սեպտեմբերի 27-ին։