Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնները վստահ հաղթանակ տարան Ադրբեջանում
Ֆուտբոլի աշխարհի քառակի չեմպիոնը՝ Գերմանիայի հավաքականը, Բաքվում 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ դաշտի տերերի հանդեպ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Ադրբեջանի հավաքականի հարձակվող Նազարովի՝ գերմանացիների դարպաս ուղարկած գնդակը դարձավ ընտրական մրցաշարում և վերջին 8 խաղերում նրանց առաջին բաց թողած գոլը:
Խաղից առաջ Ադրբեջանի հավաքականը 7 միավորով 6 թիմից բաղկացած խմբում երրորդ տեղն էր զբաղեցնում: Գերմանացիները, բնականաբար, առաջինն էին՝ առանց կորցրած միավորների և բաց թողած գնդակների:
Ադրբեջանն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը մեկնարկեց «Իսկ ինչո՞ւ ոչ» կարգախոսով: Իրոք, երեք խաղերից հետո Ադրբեջանի հավաքականն իր համար ռեկորդային 7 միավոր էր հավաքել և որոշ ժամանակ մրցաշարային աղյուսակում նույնիսկ երկրորդ տեղն էր զբաղեցնում: Սակայն Հյուսիսային Իռլանդիայից կրած խոշոր պարտությունը մի փոքր նվազեցրեց երկրպագուների ցնծությունը:
Երկրպագուներն ու խաղացողները հասկանում էին, որ Գերմանիայի հետ խաղում պարտությունից միայն հրաշքը կարող է փրկել: Հատկապես, որ «գերմանական մեքենան» Բաքու էր եկել իր ամենամարտական կազմով: Կորցնելու բան չկար, այդ պատճառով էլ ադրբեջանցիներին մնում էր միայն խայտառակ չլինել: Եվ դա նրանց հաջողվեց:
«Մարզադաշտում հիանալի մթնոլորտ էր: Շնորհակալ եմ երկրպագուներին: Մենք վաղուց նման բան չէինք տեսել: Թիմի խաղից գոհ եմ: Չնայած որ ուժեղ մրցակցի էին դիմակայում, միայն պաշտպանության վրա չէին կենտրոնացել: Երևի դուք էլ կհամաձայնեք, որ այդ թիմով կարելի է հպարտանալ այդ 90 րոպեներից հետո: Մրցակցին շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ», — խաղից հետո կայացած մամուլի ասուլիսին ասել է Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին:
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը գովել է ադրբեջանցիների խաղը. «Մենք տեսանք ուրիշ Ադրբեջան: Նախորդ տարիների համեմատ՝ ներկայիս թիմը շատ ավելի լավն էր: Նրանք արժանի են գովասանքի»:
Երկրպագուները նույնպես գոհ էին իրեցն հավաքականի խաղից: Ահա սոցցանցերի մի քանի մեկնաբանություն:
«Նրանք պայքարում էին: Նրանք ձգտում էին: Վատ խաղացողներ են, սակայն շատ էին աշխատում: Հանուն երկրի:
Նրանք գոլ են խփել աշխարհի չեմպիոնին և էլի էին ուզում խփել»:
«Այժմ մենք վստահ կարող ենք ասել, որ Ադրբեջանի հավաքականն ուժեղ է Բրազիլիայի հավաքականից: Չէ՞ որ գերմանացիները բրազիլացիներին ոչ թե 4, այլ 7 գոլ են խփել հենց նրանց դաշտում»:
Սա աշխարհի գործող չեմպիոնների երկրորդ այցն էր Ադրբեջան: Առաջինն Իտալիան էր 2002թ-ին: Հաջորդ խաղն Ադրբեջանի հավաքականը կանցկացնի Բաքվում Հյուսիսայի Իռլանդիայի հավաքականի հետ: