Օս բռնցքամարտիկ Մուրատ Գասիևը Սոչիում հաղթանակ է տարել կուբացի Դորտիկոսի հանդեպ
Այս գիշեր Հարավային Օսիայի մայրաքաղաքում Մուրատ Գասիևի երկրպագուները տոնում էին իրենց կուռքի փայլուն հաղթանակը: Ցխինվալի փողոցներով մեքենաներով անցնելիս նրանք ազդանշան էին տալիս և օդ կրակում՝ վանկարկելով չեմպիոնի անունը:
Օս բռնցքամարտիկը Սոչիում կայացած Բռնցքամարտի համաշխարհային սուպերսերիայի մրցաշարի կիսաեզրափակիչ մենամարտում հաղթանակ է տարել կուբացի ծանրքաշային Յունիեր Դորտիկոսի նկատմամբ: Գասիևը վերջին վայրկյաններին նոկաուտի է ենթարկել կուբացուն, այնուհետև բառացիորեն դեն նետել ռինգից: Հաղթանակը Մուրատ Գասիևին երկու տիտղոս է բերել՝ IBF և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, ինչպես նաև 1,6մլն դոլար:
Երկրպագուների մի մասը հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովի գլխավորությամբ շնորհավորել է Գասիևին հաղթանակի կապակցությամբ հաջող մարտից անմիջապես հետո:
Մուրատ Գասիևը մենամարտից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում շնորհակալություն է հայտնել իր մրցակցին և նրա թիմին: «Շնորհակալություն Յունիերի թիմին: Նրանք հիանալի աշխատանք են կատարել: Հույս ունեմ, որ նա առողջ է և կվերադառնա էլ ավելի ուժեղ: Նա լուրջ բռնցքամարտիկ է՝ ծանր հարվածով: Մեր քաշային կարգում ամեն ինչ կարող էր ավարտվել ցանկացած պահի հօգուտ մեզնից յուրաքանչյուրի: Շնորհակալություն բոլորին, ովքեր օգնում և աջակցում էին ինձ: Հուսով եմ, որ սա միայն սկիզբն է, և մենք շարժվելու ենք միայն առաջ», — նշել է Մուրատ Գասիևը:
Գասիևին լուրջ մարզումներ են սպասվում առաջին ծանր քաշային կարգում WBSS մրցաշարի եզրափակչին մասնակցելու համար, նա հանդիպելու է ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկի հետ: Եզրափակիչ մարտի հաղթողը ևս 4մլն դոլար կվաստակի, իսկ պարտվողը՝ 2մլն դոլար: Եզրափակիչը կկայանա մայիսին Ջիդայում (Սաուդյան Արաբիա):
Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն: