Քաղաքական ճգնաժամ Մոլդովայում․ նախագահը ցրել է խորհրդարանը
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է խորհրդարանը ցրելու և նոր ընտրություններ նշանակելու մասին։ Պատճառը քաղաքական ճգնաժամն է և նախագահի ու խորհրդարանական մեծամասնության դիմակայությունը, որը սատարում է նախկին նախագահ, ռուսամետ քաղաքական գործիչ Իգոր Դոդոնին։
«Հրամանագիր եմ ստորագրել խորհրդարանը ցրելու վերաբերյալ։ Այս որոշմամբ մենք ճանապարհ ենք բացել, որ քաղաքացիները նոր խորհրդարան ընտրելու հնարավորություն ունենան, որը կծառայի երկրի և մարդկանց շահերին», – Մայա Սանդուի խոսքերն է մեջբերում մոլդովական Ziarul de Gardă պարբերականը։
Նոր խորհրդարանի ընտրությունները նշանակված են 2021 թ․ հուլիսի 11-ին։
Եվրոպամետ քաղաքական գործիչ, 46-ամյա Մայա Սանդուն 2020 թ․ նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Իգոր Դոդոնին։
Սակայն խորհրդարանում մեծամասնությունը պատկանում էր Դոդոնի Սոցիալիստական կուսակցությանն ու «Շոռ» կուսակցության նրա դաշնակիցներին։
- Ակցիաներ Ռուսաստանում՝ ի աջակցություն ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի։ Լուսանկարներ, տեսանյութ
- Ռուսաստանն իր զորքերը հետ է քաշում Ուկրաինայի սահմանից, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարը
2021 թ․ մարտին խորհրդարանը երկրում արտակարգ դրություն էր հայտարարել ապրիլի 1-ից, կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ընդդիմադիր պատգամավորներն այն ժամանակ հայտարարեցին, որ այդ որոշումն ուղղված է խորհրդարանի հնարավոր լուծարման դեմ, քանի որ արտակարգ դրության ժամանակ սահմանադրությունն արգելում է նման բան անել։

Սակայն ապրիլի 28-ին Մոլդովայի Գերագույն դատարանն այդ որոշումը հակասահմանադրական ճանաչեց և չեղարկեց արտակարգ դրությունը՝ այդպիսով չեղարկելով խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրությունների նշանակման խոչընդոտը։
Նախկին նախագահ Իգոր Դոդոնն, ինչպես նաև խորհրդարանական մեծամասնության առաջնորդները նախագահին մեղադրեցին անպատասխանատվության համար և հայտարարեցին, որ չեն վախենում նոր ընտրություններից և պատրաստ են պայքարել։