«Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ». Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը
Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում
Բիշքեկում բանակցություններ են անցկացրել Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում նախատեսված էր միայն մեկ երկկողմ հանդիպում՝ Փաշինյան—Պուտին։ Վերջին շրջանում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները բավականին հաճախ են հանդիպում, սակայն ամեն անգամ գնալով ավելի քիչ տեղեկություններ են ստացվում այն մասին, թե ինչ են նրանք քննարկել։
Հայկական լրատվամիջոցներն այս անգամ նշել են, որ Փաշինյանը ուշացումով է հասել դահլիճ, որտեղ պետք է անցկացվեին բանակցությունները։ Պուտինը ստիպված է եղել մոտ մեկ րոպե սպասել նրան և այդ ընթացքում հասցրել է զրուցել իր օգնականի հետ։
Այն ամենը, ինչ հայտնի է Բիշքեկում կայացած բանակցությունների մասին նյութի հրապարակման պահին
Փաշինյան. «Լեռնային Ղարաբաղի կարգավորումը շարունակում է մնալ տարածաշրջանի գլխավոր հարցը»
Հայաստանի վարչապետն այս մասին Պուտինին ասել է բանակցությունների մեկնարկից առաջ, երբ տեսախցիկները դեռևս նկարահանում էին.
«Մեր տարածաշրջանում իրավիճակը, ցավոք, շարունակում է լարված մնալ […] Վերջերս մենք նաև տեսանք լարվածության աճ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Վստահ եմ՝ Դուք տեղեկացված եք, որ վերջերս փակվել էր Լաչինի միջանցքը [ԼՂ-ը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայացվել էին որպես բնապահպաններ, դեկտեմբերի 3-ին երեք ժամով փակել էի այն], և Լեռնային Ղարաբաղում շատ մեծ մտավախություններ կան այդ կապակցությամբ։ Հուսով եմ, որ այսօր մեզ կհաջողվի քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր կարևոր հարցերը»:
Թե ինչ է այս հարցի վերաբերյալ ասել Փաշինյանը հաջորդիվ և ինչպես է Պուտինը արձագանքել այդ հայտարարություններին, դեռևս չի հաղորդվում։
Պուտին. «Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրային գործընկերն է»
Տարածաշրջանային անվտանգության մասին Փաշինյանի մտահոգիչ հայտարարություններին ի պատասխան՝ Պուտինը խոսել է Հայաստանի համար Ռուսաստանի տնտեսական կարևորության մասին.
«Ռուսաստանը շարունակում է մնալ առաջատար առևտրատնտեսական գործընկեր։ Հայաստանի ապրանքաշրջանառության ավելի քան 30%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Ռուսաստանը նաև առաջատար ներդրողներից մեկն է, գուցե նույնիսկ հիմնական ներդրողը՝ ներդրումների մոտ 40%-ը։ Այս տարվա առաջին տասը ամիսներին ապրանքաշրջանառության աճը կազմում է 67%։ Սա շատ լուրջ, լավ, դրական ցուցանիշ է։ Այնուամենայնիվ, հարցեր միշտ կան»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում