«Թող ժողովուրդը որոշի»․ Հայաստանի վարչապետն առաջարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել
Հայաստանի վարչապետն առաջարկել է 2021 թ-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել որպես քաղաքական ճգնաժամից դուրս գալու միջոց։
«Պատրաստ եմ ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը։ Եվ վարչապետի պաշտոնը կարող եմ թողնել միայն ժողովրդի որոշմամբ», — գրել է Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում։
17 ընդդիմադիր կուսակցությունները հանրահավաքներ են կազմակերպում Երևանում և վարչապետի հրաժարականը պահանջում նոյեմբերի 10-ից՝ Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո։
Ընդդիմության առաջնորդները հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանական փաստաթուղթ է ստորագրել և ինքնակամ հանձնել է Արցախի տարածքները։
Վարչապետը բազմիցս է հայտարարել, որ չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որ իր պաշտոնը զբաղեցրել է ժողովրդի կամարտահայտման հիման վրա և դրանից կարող է հրաժարվել միայն նույն հիմքով։
Սոցցանցում կատարած իր գրառման մեջ Փաշինյանը գրում է, որ իր հրաժարականի պահանջով ընդդիմության բողոքի շարժումը չի արժանացել ժողովրդի մեծ մասի աջակցությանը՝ չնայած նրան, որ, ըստ նրա, ընդդիմությունը «տիրապետում է ֆինանսական, լրատվական, կազմակերպչական ահռելի միջոցների, ունեցել է հանրահավաքներ և բողոքի ակցիաներ կազմակերպելու լայն հնարավորություններ»։
«Ես կառչած չեմ վարչապետի աթոռից, բայց և՝ չեմ կարող անփույթ վերաբերմունք ունենալ ժողովրդի կողմից ինձ հանձնված իշխանության, վարչապետի պաշտոնի նկատմամբ», — գրել է Փաշինյանն՝ ընդգծելով, որ պատրաստ է ժողովրդի պահանջով հեռանալ, բայց պատրաստ է նաև շարունակել աշխատանքը, եթե կրկին վստահության քվե ստանա։