«Ներկա պահին հանրաքվեի հիմքեր չկան»․ Երևանի արձագանքը ԵԱՏՄ հայտարարությանը
Փաշինյանը՝ ԵԱՏՄ հայտարարության մասին
«Եվրասիական տնտեսական միության մեջ մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել մինչև այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը Եվրամիության և ԵԱՏՄ միջև կլինի անխուսափելի»,- հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա շեշտել է՝ այդ որոշումը պետք է կայացնի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը՝ հանրաքվեով։ Սակայն կարծում է՝ ներկա պահին նման հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան։
ԵԱՏՄ 4 անդամներ, այդ թվում՝ Ռուսաստանը, որի հովանու ներքո գործում է տնտեսական միությունը, օրերս Հայաստանի իշխանություններին կոչ էին արել հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։
Վերջին օրերին Մոսկվայից պարբերաբար են հնչում նման հորդորներ։ Ավելին, ՌԴ-ն հայտարարություններից անցում է կատարել կոնկրետ գործողությունների՝ տնտեսական սահմանափակումների։ Մասնավորապես՝ սահմանափակումներ են մտցվել «Ջերմուկ» հանքային ջրի և որոշ ալկոհոլային խմիչքների նկատմամբ, արգելվել է հայկական գյուղմթերքի (լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի), ծաղիկների և դեկորատիվ բույսերի ներմուծումը։
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ հիմնավոր կասկածներ ունի, թե ընթացող գործընթացներում որոշակի մեղավորություն ունի նաև Հայաստանի ընդդիմությունը։ Նկատի ունի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 3 ուժեր («Ուժեղ Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, «Հայաստան» դաշինքը), որոնց գործող վարչապետն ու նրա թիմն անվանում են «պատերազմի եռագլուխ կուսակցություն»։
«Ենթադրում եմ՝ որոշակի աշխատանք են տարել որոշակի շրջանակներում՝ ոչ բարձր, որպեսզի նաև էս սահմանափակումները մեր հայ արտադրողների նկատմամբ կիրառվեն»,- Civilnet-ի եթերում նշել է նա և հավելել, որ նպատակն ընտրական տրամադրությունների վրա ազդելն է։
Պապոյանի գնահատմամբ՝ խնդիրների մի մասը բնականորեն կլուծվեն հունիսի 7-ից հետո, այնուհետև հնարավոր կլինի «սառը գլխով» հարցերը քննարկել ռուսաստանցի գործընկերների հետ և լուծումներ գտնել։
Միևնույն ժամանակ նա հայտնել է, որ արտահանվող հայկական արտադրանքը համապատասխանում է եվրոպական շուկայի պահանջներին և կարող է իր տեղը գտնել ԵՄ երկներում։
Իսկ կառավարությունը կարող է սուբսիդավորել դրա տեղափոխման ծախսերը։ Դա էլ կլուծի այս փուլում հայկական բիզնեսին անհանգստացնող գլխավոր խնդիրը։
Նյութի հրապարակման պահին հայտնի դարձավ, որ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց։ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ հղել։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ, պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթով՝ հանդիպման ձևաչափով։
«ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար»,- ասված է հաղորդագրությունում։
ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հայտարարությունը, վարչապետ Փաշինյանի արձագանքը, Էկոնոմիկայի նախարարը՝ ընթացիկ իրավիճակի և հնարավոր սցենարների մասին
- Ռուսաստանը գործակալներ է ուղարկել «Փաշինյանի դեմ պայքարելու». The Insider-ի բացահայտումը
- «Տեղեկատվական ռումբ»․ ՀՀ դեմ ՌԴ հիբրիդային արշավների մասին գաղտնի փաստաթղթեր են արտահոսել
- «ՌԴ-ն պատրաստվում է հետընտրական խժդժություններ կազմակերպել Հայաստանում»․ կարծիք
ԵԱՏՄ հայտարարությունը հանրաքվեի անհրաժեշտության մասին
Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում միության անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները հայտարարություն էին ընդունել ԵԱՏՄ-ում Հայաստանի շուրջ իրավիճակի վերաբերյալ։
«Կիսում ենք այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս կարճ ժամկետում անցկացնել համազգային հանրաքվե՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցով»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ դիրքորոշումը ձևավորվել է՝ հաշվի առնելով Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելուն ուղղված քայլերը։ Դրանց շարքում մատնանշվում են՝
- 2025 թ․-ին խորհրդարանի ընդունած՝ «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը,
- 2026 թ․-ի մայիսի 5-ին կայացած ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքում ընդունված համատեղ հռչակագրում ԵՄ-ի կողմից Հայաստանի եվրոպական ձգտումների վերահաստատումը։
Հայտարարության համաձայն՝ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստման գործընթացի հետ կապված «տնտեսական անվտանգության էական ռիսկեր» են տեսնում միության անդամ երկրների համար։
Փաստաթղթից նաև տեղեկանում ենք՝ որոշվել է, որ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները 2026 թ․-ի դեկտեմբերին կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հերթական նիստում կզեկուցեն Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին։
Փաշինյանի արձագանքը․ «Այնքան էլ խելամիտ չէ հանրաքվեի դնել տեսական ընտրությունը»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս փուլում Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրություն կատարելու հարցով ՀՀ-ում հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան։
«Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում Փաշինյանը պնդել է՝ Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման գործընթացը դեռ այն փուլում չէ, երբ քաղաքացիներին հնարավոր լինի ներկայացնել հստակ ընտրություն․
«Մինչև այն պահը, երբ ՀՀ-ն պաշտոնապես չի դիմել Եվրամիությանը անդամագրվելու համար կամ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելն անտրամաբանական է»։
Վարչապետի դիտարկմամբ՝ այսօր նման ընտրությունը դեռևս տեսական բնույթ է կրում։
«Տեսական ընտրությունը հանրաքվեի դնելը, իհարկե, այնքան էլ խելամիտ և ճիշտ չէ, հիմնավորված չէ»,- հայտարարել է նա։
Փաշինյանը վստահեցրել է՝ Հայաստանը շարունակելու է գործընկերային աշխատանքը ԵԱՏՄ շրջանակում։
«Մենք կշարունակենք հանգիստ, հանդարտ, առանց նյարդի, առանց վիճաբանությունների աշխատել ԵԱՏՄ-ում։ Եվ ես համոզված եմ, որ մենք այս ուղղությամբ դեռ պոտենցիալ ունենք, որն առաջիկայում կօգտագործենք»,- նկատել է նա։
«Չենք կարող ամեն ինչ փոխել լոլիկի հետ»․ Էկոնոմիկայի նախարարը՝ պետական շահի մասին
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Civilnet-ի եթերում նկատել է՝ Հայաստանը հայտարարել է, որ գնալու է իր կարողությունները զարգացնելու, եվրոպական չափանիշներին համապատասխանելու ճանապարհով։ Ասում է՝ դրա արդյունքում ժողովուրդը կորոշի՝ մնա՞լ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ դեպի ԵՄ։
«Այսպիսի հարց միշտ էլ տեսականորեն կարող է առաջ գալ։ Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք։ Չենք պատրաստվում ԵԱՏՄ-ից դուրս գալ, պատրաստվում ենք ԵԱՏՄ բոլոր մեխանիզմները գործարկել՝ ի շահ Հայաստանի»,- ընդգծել է Պապոյանը։
Նախարարը համաձայնել է դիտարկմանը, որ այդ ճանապարհին կառավարությունը նաև ռիսկերը պետք է կառավարի։ Միևնույն ժամանակ նկատել է․
«Այդ ռիսկերն ունեն սահման՝ երկրի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության։ Պետության շահերը կշռելուց չենք կարող ամեն ինչ փոխել լոլիկի հետ»։
Որպես ՌԴ հետ անխոչընդոտ առևտուր ունեցող երկրներ՝ մատանշել է Չեչնիան և Բելառուսը և հռետորական հարց հնչեցրել․
«Ի՞նչ եք առաջարկում, կարգավիճակը մոտեցնե՞նք»։
Ըստ նրա՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ մտնելու որոշումը ժամանակին հայ պաշտոնյաները բացատրել են հետևյալ կերպ՝ «մեր ապրանքները որակյալ չեն և միայն ռուսական շուկայում կարող են վաճառվել»։ Այս պահին, սակայն, իրավիճակն այլ է։
Էկոնոմիկայի նախարարը վստահեցրել է՝ ՀՀ-ից արտահանվող ապրանքների մեծ մասը «համապատասխանում է ամենաբարձր ստանդարտներին, որակական առումով չի զիջում եվրոպական ամենախստապահանջ ստանդարտներին»։
Ասում է՝ արտահանվող ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքի մեծ մասը՝
- «ունի Global gap որակի սերտիֆիկատ, որը ԵԱՏՄ շատ արտադրողներ չունեն, նույնիսկ եվրոպական երկրների բազմաթիվ ֆերմերներ չունեն,
- արտադրվում է գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմատներում, որոնք ոչ բոլոր եվրոպական երկրներում կան»։
Պապոյանի խոսքով՝ հայկական արտադրանքը «100 տոկոսով համապատասխանում է եվրոպական շուկայի որակին»։
Մյուս կողմից հիշեցնում է՝ ՀՀ-ն մեկ այլ տնտեսական միության՝ ԵԱՏՄ անդամ է, ուստի մաքսատուրքն ու մնացած ծախսերը կարող են հայկական արտադրանքի ինքնարժեքը դարձնել «ոչ մրցակցային»։
Նրա փոխանցմամբ՝ ներկա պահին քննարկվում են հայ տնտեսվարողների համար դեպի ԵՄ տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև մաքսատուրքի սուբսիդավորման հնարավորությունները։
Կան նաև խիստ նախնական հաշվարկներ։ Օրինակ՝ այս պահից սկսած մինչև տարեվերջ դեպի ԵՄ ծաղիկների արտահանումը սուբսիդավորելու համար պետք կլինի 5-5․5 միլիոն դոլար, լոլիկի դեպքում՝ 3․4 միլիոն, պղպեղի դեպքում՝ 3․5 միլիոն։ Գևորգ Պապոյանը շեշտել է՝ խոսքն «ամենավատ սցենարի» մասին է, եթե այն, ինչ արտահանվում էր ՌԴ, ամբողջությամբ արտահանվի դեպի ԵՄ երկրներ։
«Կարծում եմ՝ այդպիսի հարց չի առաջանա։ Ընդհանուր առմամբ, այդ բեռը տանելի բեռ է։ Սակայն խնդիրները պետք է լուծվեն, որովհետև Հայաստանը ԵԱՏՄ անդամ է»,- ամփոփել է պաշտոնյան։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանը՝ ԵԱՏՄ հայտարարության մասին