Ինչպես 27 տարի առաջ հայ զբոսաշրջիկները գնացքով ուղևորվեցին Թուրքիա: Պատմություններ և տեսանյութեր
Ուղևորներից մեկի հիշողությունները
«Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ», — Օսմանյան կայսրությունում ծնված 90-ամյա ծերունին Շիրազի այս խոսքերն էր շարունակաբար կրկնում, երբ 1991 թվականի ամռանը ԽՍՀՄ երկաթե վարագույրի բացվելուց հետո հնարավորություն ստացավ Գյումրի-Կարս երկաթգծով ճանապարհորդել Արևմտյան Հայաստան՝ ներկայիս Թուրքիայի արևելյան շրջաններ:
Թուրքիա ուղևորված խմբի թարգմանչուհի-էքսկուրսավարն էր Կարինե Դավոյանը,: Նա հիշում է ուղևորության նախաձեռնման բոլոր մանրամասները.
«Հեռուստատեսությամբ հայտարարություն տվեցինք բարեգործական ուխտագնացության մասին: Հայտարարության մեջ ասված էր, որ ճանապարհորդել ցանկացողները կամ նրանց նախնիները պետք է լինեին Արևմտյան Հայաստանից: Մտահղացումը «Հայաստան-ՏՏՏ» զբոսաշրջային ասոցացիայի նախագահ Էդուարդ Մինասյանին էր, ով ինքն էլ ծնունդով Կարսից էր: Ցանկացողները սպասվածից շատ էին ու մենք խմբի մեջ ընդգրկեցինք առաջին երեսուն դիմողներին:
Զարմանալիորեն, ցանկացողների մեծ մասը տարիքով տղամարդիկ ու կանայք էին. նրանցից մեկն էլ Շիրազի տողերն անընդհատ կրկնող պապիկն էր: Նրա անունը չեմ հիշում, բայց տպավորվել էի, որ չնայած իր պատկառելի տարիքին, բավականին աշխույժ էր: Գիտեք, պատմական Հայաստան գնացողները շատ են այդ արտահայտությունն անում՝ «Անին տեսնեմ ու նոր մեռնեմ»: Խմբի անդամներից գրեթե բոլորը այժմ կենդանի չեն: Էդուարդ Մինասյանը, նախաձեռնության կազմակերպիչը՝ նույնպես»:
Անկախացման ուղու վրա կանգնած երկրի քաղաքացիներին առաջին անգամ պետք է տրվեին արտասահմանյան անձնագրեր: Թուրքիա մեկնելու համար վիզայի խնդիրները լուծելը հեշտ չէր: Եվ մինչ խումբը Երևանից կգնար Գյումրի, նրանց անձնագրերը «ուղևորվեցին» Բաթումիում գտնվող թուրքական հյուպատոսություն վիզա ստանալու համար:
Ցարական Ռուսաստանի կործանումից հետո երկաթգիծը ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ է իրականացրել Հայաստանի առաջին հանրապետության տարիներին՝ 1918-1920: Խորհրդային կարգերի հաստատումից հետո հատկապես 1980-ականներին մինչև 1989-ը, Գյումրի-Կարսը Թուրքիայի հետ գործող միակ երկաթուղային ճանապարհն էր ու ծառայում էր հիմնականում բեռնափոխադրումների համար: Անկախացող Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Գյումրի–Կարս երկաթգիծը պետք է գործարկվեր քաղաքացիական անձանց համար:
• Հայաստան-Թուրքիա՝ ավելի վատ լինել չի կարող
• Բունդեսթագն արտասանեց «ցեղասպանություն» բառը
Այդ առաջին զբոսաշրջային խմբի էքսկուրսավարը պատմում է.
«Սովետական անձնագրերը ստուգելիս զարմանացած հայացքով երիտասարդ մաքսավորի ուշադրությունը գրավեց, որ շատերի ծննդավայր նշված է Թուրքիան՝ Վան, Կարս: Ի դեպ, տարեցներից շատերը բավականին վարժ խոսում էին թուրքերեն ու երկար ժամանակ չպահանջվեց, որ մաքսավորին ամեն բան բացատրեն, կողմերն միմյանց հետ լեզու գտնեն ու զրուցեն ճանապարհորդության նպատակների մասին»:
Կարինե Դավոյանը խոստովանում է, որ մինչև Թուրքիայի սահմանն անցնելը լուրջ մտավախություններ կային, թե ինչպիսին կլինի ընդունելությունը.
«Ամեն ինչ շատ լավ անցավ, ընդհանրապես Թուրքիայում ամեն տեղ դրական էին մեզ ընդունում և ազգությունը թաքցնելու խնդիր չեղավ: Վանում, անգամ մի թուրք երիտասարդ, ով վարժ անգլերեն էր խոսում, մեզ ուղեկցեց դեպի Վանի բերդ: Ընկերացել էր մեզ հետ: Մի առիթով հարցրեցի, նրա պապերը հայե՞ր են եղել, բայց երիտասարդը վստահեցրեց, որ ինքը թուրք է, սակայն նրա ծնողները պատմել են, որ Վանը ժամանակին հայաբնակ է եղել»:
Երկաթգծի հետագա ճակատագիրը
Հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքների թվում է նաև Կարս- Գյումրի երկաթգծի փակումը: Թուրքիան ի նշան Ադրբեջանին աջակցության, 1993 թվականին որոշում կայացրեց դադարեցնել երկաթգծի աշխատանքը: Հայաստանը, որ արտաքին աշխարհի հետ կապող շատ քիչ ուղիներ ուներ, այս մեկից էլ զրկվեց:
Նույն տարիներին Հայաստանը Ռուսաստանի հետ կապող երկաթուղային մեկ այլ ճանապարհ, որն անցնում էր Վրաստանով, նույնպես խափանվեց: Երկաթգծի այն հատվածը, որն անցնում էր անկախանալ ցանկացող Աբխազիայի տարածքով, ևս դադարեց գործել, իսկ աբխազական պատերազմի ժամանակ պայթեցվեց:
1993 թվականի հուլիսի 11-ից հետո, երբ Հայաստանն ու Թուրքիան փոխանակեցին իրենց սահմաններում մնացած շարժակազմերը, երկաթգիծն առայսօր էլ չի գործում:
Կարինե Դավոյանը վերհիշում է.
«Ինչպես և բոլոր քաղաքացիները, այդ մասին իմացա լուրերով: Ես գործարար չէի ու չեմ, որ որևէ այլ կերպ արձագանքեի սահմանի փակմանը: Ցավալի էր, ահա այսքանը: Պարզապես կարծում եմ, որ 21-րդ դարում փակ սահմաններ չպետք է լինեն»:
Երկաթգիծը քաղաքական երկխոսությունում
Հայաստանի իշխանություներն առիթը բաց չեն թողնում խոսելու Եվրոպայի հարևանությամբ վերջին փակ սահմանի ու Թուրքիայի միակողմանի որոշմամբ Կարս – Գյումրի երկաթգծի շահագործման դադարեցման մասին:
Այդ առնչությամբ մտահոգությունները հնչում են գրեթե ամեն տարի: Ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի, Հայաստանի իշխանությունները ձգտում են այդ հարցի շուրջ մտահոգությունները ոչ այնքան լսելի դարձնել Անկարայում, որքան գերտերությունների ուշադրությունը գրավել.
«Թուրքիայում որևէ մեկը, ով գործում է քաղաքական դաշտում, չեմ կարծում, որ չգիտի այդ հարցի առանձնահատկությունների մասին: Այն ուղղված է Եվրոպայի, ԱՄՆ-ի ուղղությամբ, որպես փորձ գործադրելու այն լծակները, որոնք ավելի մեծ ազդեցութուն ունեն Թուրքիայի վրա, քան Հայաստանը»:
2008-ին սկսած և «Ֆուտբոլային դիվանագիտություն» ստացած գործընթացի արդյունքում, 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները:
Սեպտեմբերի 8-ին Երևանում կայանալիք Հայաստան – Թուրքիա ֆուտբոլային հանդիպման հետ կապված, նախագահ Գյուլի այցին ընդառաջ հայկական կողմի նախաձեռնությամբ անգամ սկսվեց Գյումրի–Կարս երկաթգծի հայկական 12 կմ-անոց հատվածի վերանորոգման աշխատանքները:
Թե ինչու է հայկական հատվածը բարեկարգվում չեր ասվում, սակայն բոլորի համար պարզ էր. եթե կողմերի միջև քաղաքական երկխոսությունը պսակվի հաջողությամբ, ապա հետևանքներից մեկը Հայաստանի համար էական նշանակություն ունեցող երկաթգծի վերաբացումը կլինի: Սակայն արձանագրությունների ստորագրումը սպասված արդյունքը չտվեց: Ավելին, արձանագրություններն անցան պատմության գիրկը:
«Եթե հետագայում կողմերը փորձեն կարգավորել հարաբերությունները, այս արձանագրությունները, չնայած որ արդեն պարզապես պատմական փաստ են, հիմք են դառնալու նույն տրամաբանությամբ շփման գնալու համար: Նման գործընթացի վերսկսումը կարող է տեղի ունենալ տարբեր հանգամանքների բերումով, բայց թե ինչի շնորհիվ կողմերը նոր երկխոսության կգնան, մենք չենք կարող ասել:
Արձանագրությունները, որոնց նպատակն էր Հայաստանի ու Թուրքիայի միջև բոլոր հարթություններով շփման կարգավորումը, անհաջողության մատնվեցին: Թե ինչ ձևով կարող է լինել մյուս փորձը, պայմանավորված է նրանով, թե ինչ փիլիսոփայությամբ այդ մերձեցումը կլինի»,- ենթադրում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
• Հայաստան-Թուրքիա՝ սահմանը փակ կմնա. Երևանը չեղարկեց հայ-թուրքական արձանագրությունները
• «Գերմանիան կաջակցի Հայաստանին»․ կանցլեր Անգելա Մերկելը Երևանում է
Հետգրություն
Կարինե Դավոյանի համասր 1991 թվականի օգոստոսյան այցը Թուրքիա առայսօր մնում է առաջինն ու վերջինը: Բայց նա կարևորում է բաց սահմանների անհրաժեշտությունը.
«Երևանում տարիներ առաջ տեղի ունեցավ Հայաստանի ու Թուրքիայի զբոսաշրջային ոլորտի պատվիրակությունների հանդիպում, որտեղ թուրք ներկայացուցիչներին մենք առաջարկեցինք համատեղ նամակ գրել երկու երկրների ղեկավարներին: Արձագանքը դրական եղավ, սակայն արդյունքում այդպես էլ վերջնական պատասխան նրանցից չստացվեց»:
Կարինեն հաճույքով է հիշում Թուրքիա կատարած իր միակ այցելության վառ ու ջերմ շփումները, բայց չի շտապում կրկնել այն: Ասում է, որ հանգստանալու համար նախընտրում է եվրոպական երկրները, բայց եթե երկաթգիծը վերաբացվի, կցանկանա կրկին լինել վերագործարկված Գյումրի-Կարս երկաթգծով շարժվող գնացքի առաջին ուղևորներից մեկը.
«Մեր օրերում փակ սահմանները տրամաբանությունից դուրս են: Ատելությունը զարգացում չի ծնում, ու եթե ևս մեկ անգամ Թուրքիա գնամ, կուզնեայի հենց այդ միտքը փոխանցել մեր հարևաններին»: