Գերմանացի պատգամավորները միաժամանակ ստացան Հայաստանի շնորհակալությունն ու Թուրքիայի մեղադրանքները " />

Բունդեսթագն արտասանեց «ցեղասպանություն» բառը

Գերմանացի պատգամավորները միաժամանակ ստացան Հայաստանի շնորհակալությունն ու Թուրքիայի մեղադրանքները 

 Գերմանիայում

Գերմանիայի խորհրդարանը հունիսի 2-ին բանաձև ընդունեց, որում Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները, ցեղասպանություն որակեց:

Բանաձևի քննարկման ժամանակ հնչած ելույթների ընթացքում Բունդեսթագի պատգամավորները հայտարարեցին, որ Գերմանիան իրավունք չունի կրկին մասնակից լինել մեկ դար առաջ տեղի ունեցած հանցագործությանը, որ դա ոչ թե մեղադրանք է Թուրքիայի հասցեին, այլ խոնարհում է 1915-ի դեպքերի զոհերի հիշատակի առջև:

Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Դիտմար Նիտան, մասնավորապես, հայտարարել է.

«Մենք, լինելով Թուրքիայի դաշնակիցն, այն ժամանակ լռեցինք, սակայն այսօր պետք է հստակ ձևակերպում տանք կատարվածին և ցեղասպանություն կոչենք: Այս հստակությանը շատ երկար են սպասել զոհերն ու նրանց սերունդները»:

 Լուսանկարը՝ Reuters. Գերմանիայի հայ համայնքը շնորհակալություն է հայտնում Բունդեսթագի պատգամավորներին

Փաստաթղթի տեքստում ասված է. «Խորհրդարանը դատապարտում է երիտթուրքական կառավարության արարքը, որը հանգեցրեց Օսմանյան Կայսրությունում հայերի գրեթե ամբողջական բնաջնջմանը… Երիտթուրքական կառավարության հրամանով 1915-ի ապրիլի 24-ին օսմանյան Կոստանդնուպոլսում սկսվեցին ավելի քան 1 մլն հայերի պլանավորված աքսորն ու ջարդերը: Նրանց ճակատագիրը զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, վտարումների և, այո, ցեղասպանությունների (Völkermord) օրինակ է, որոնցով սարսափելի կերպով նշանավորվեց 20-րդ դարը:

Բունդեսթագը ցավում է Գերմանական ռեյխի անփառունակ դերի համար՝ որպես Օսմանյան կայսրության դաշնակից, որը, չնայած գերմանացի քաղաքական գործիչների և միսիոներների միանշանակ տեղեկություններին, ոչինչ չձեռնարկեց մարդկության դեմ այդ հանցագործությունը կանգնեցնելու համար: Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը»:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագի կողմից «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին» բանաձևի ընդունումից հետո հայտարարել է.

«Գերմանիայի կառավարությունը մտադիր է նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության հաստատմանը»: Ընդ որում, կանցլերն ընդգծել է, որ Գերմանիան պատրաստ է պահպանել Թուրքիայի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում, քանի որ երկու երկրներին շատ բան է կապում, մասնավորապես, պաշտպանության հարցերն ու Գերմանիայում ապրող 3 մլն թուրք համայնքը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մերկելի հետ տված համատեղ ասուլիսում հույս է հայտնել, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կսկսեն կարգավորվել:

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է.

«Դա Գերմանիայի խորհրդարանի անկախ որոշումն է: Մենք սպասում էինք Թուրքիայի արձագանքին, սակայն հուսով եմ, որ առաջիկա օրերին և շաբաթներին չափից դուրս բուռն արձագանք չի լինի: Մենք չենք դադարի ջանքեր գործադրել, որպեսզի հարևաններ Հայաստանն ու Թուրքիան ոչ միայն միմյանց մասին խոսեն, այլ նաև շփվեն միմյանց հետ»:

Աշխարհում

Միջազգային մամուլը խոսում էր բանաձևի ընդունման մասին՝ ընդգծելով, որ Բունդեսթագի պատգամավորները կողմ են քվեարկել՝ չնայած Թուրքիայի կառավարության կողմից սպասվող բացասական արձագանքին: Reuters գործակալության հոդվածն այդպես էլ վերնագրված է՝ «Հայերի ցեղասպանության մասին բանաձևով Գերմանիան զայրացրել է Թուրքիային»: 

Միաժամանակ արտասահմանյան լրատվամիջոցներն ընդգծել են, որ բանաձևը քվեարկության է դրվել այն պահին, երբ Գերմանիային ու Եվրամիությանը անհրաժեշտ է, որ Թուրքիան զսպի միգրանտների հոսքը դեպի Եվրոպա:

Թուրքիայում

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը բանաձևն ընդունելուց առաջ հայտարարել է, որ Թուրքիան արհամարհելու է քվեարկության արդյունքը, եթե այն դրական լինի, քանի որ «1915 թվին՝ Առաջին աշխարհամարտի ժամանակ, հայերի հետ տեղի է ունեցել սովորական բան, ինչը կարող է տեղի ունենալ ցանկացած երկրում»:

Սակայն Թուրքիան չանտեսեց, այլ կտրուկ բողոքարկեց բանաձևի ընդունումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ խորհրդակցելով վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ, որոշել է Բեռլինից ետ կանչել իրենց դեսպանին.

«Բունդեսթագի ընդունած որոշումը լրջորեն կազդի թուրք-գերմանական հարաբերությունների վրա: Գերմանիայից Թուրքիայի դեսպանի վերադարձից հետո կառավարությունը քննարկելու է Անկարայի պատասխան քայլերը»:

Բանաձևն ընդունելուց հետո Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ Գերմանիայի խորհրդարանի «սխալ որոշման» համար պատասխանատու է «ռասիստական հայկական լոբբին»: Իսկ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թվիթերում գրել է, թե «ուրիշ երկրին վարկաբեկելու անպատասխանատու և անհիմն խորհրդարանական որոշումը իրենց սեփական պատմության մռայլ էջը փակելու ճանապարհը չէ»:

Հայաստանում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալական հեռագրեր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկին, կանցլեր Անգելա Մերկելին և Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին.

«Այս քայլը խորհրդանշում է ժողովրդավարության, համամարդկային արժեքների գերակայությունը և ընդգծում Գերմանիայի հետևողական դերն այդ արժեքների պահպանման գործում: Այն ուղերձ է ամբողջ աշխարհին առ այն, որ մարդկության դեմ գործված նույնիսկ հարյուրամյա վաղեմության հանցագործությունները ոչ միայն չեն մոռացվում, այլև դատապարտվում են՝ ճշգրիտ բնորոշմամբ»:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նույնպես ողջունել է բանաձևի ընդունումը.

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը՝ Բունդեսթագի կողմից ընդունված այս բանաձևի հետ միասին, հանդիսանում են Գերմանիայի արժեքավոր ներդրումը ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում, այլև ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համամարդկային պայքարում»: 

Երևանում երիտասարդությունը հավաքվել էր Գերմանիայի դեսպանատան մոտ՝ դրոշներով, ծաղիկներով ու շնորհակալական թռուցիկներով, նրանք երախտիքի խոսքերը վանկարկում էին հայերենով ու գերմաներենով:

 Լուսանկարը՝ News.am-ի

Սոցցանցերում

Ֆեյսբուքի հայ օգտատերերն օրվա ընթացքում իրադարձության մանրամասներն էին տարածում, շնորհակալություն հայտնում Բունդեսթագին, քննարկում քաղաքական գործիչների հայտարարությունները:

Թրենդ առաջին. թուրք քաղաքական գործիչները նույն բարբարոսներն են, ինչ մեկ դար առաջ

Ամենամեծ արձագանքն ունեցավ Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմի հայտարարությունն այն մասին, որ 1915-ի իրադարձությունները «սովորական բան են»:

«Նրա համար ցեղասպանությունը սովորական բան է, և դրանով ամեն ինչ ասված է: Ահա թե ինչու Թուրքիան չի ընդունում ցեղասպանության փաստը. իրենց երկրում կատարվածն անսովոր բան չէ: Այն սովորական է: Սա բացարձակ բարբարոսական մոտեցում է»:

Թրենդ երկրորդ. աշխարհում ինչ-որ բան փոխվում է

«Թուրքիայում հույս ունեին, որ բանաձև չեն ընդունի: Սակայն դա քաղաքական որոշում է, այն ընդունվել է Գերմանիայի կողմից նախքան քվեարկությունը՝ չնայած բոլորը հասկանում էին, որ այն վտանգում է Թուրքիայի հետ հարաբերությունները: Բեռլինի կողմից ցեղասպանության ճանաչումը ճանապարհ կհարթի մյուս երկրների կողմից նման քայլ կատարելու համար»:

Թրենդ երրորդ. Կյանքում ոչինչ պատահական չի լինում

«Բունդեսթագն ընդունեց հայոց ցեղասպանությունը հունիսի 2-ին՝ նույն օրը, երբ Բեռլինի դատարանն արդարացրեց Սողոմոն Թեհլերյանին, ով սպանել էր Թալեաթ փաշային: Սա նշան է: Այսօր Թեհլերյանի արդարացման 95-ամյակը ստացվեց»: 

JAMnews-ի դոսյեն.

  • Հարյուր հազարավոր հայեր մահացել են 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում: Շատերը սպանվել են, մի մասը մահացել է քաղցից և ծարավից, քանի որ արտաքսվել էր անապատային շրջաններ: 
  • Հայաստանը հայտարարում է, որ սպանվել է 1,5 միլիոն հայ և կատարվածը որակում է՝ ցեղասպանություն: 
  • Թուրքիան պնդում է, որ այդ թիվը ուռճացված է, այդ իրադարձությունների ընթացքում մահացել են նաև շատ թուրքեր և քրդեր, որոնց անվանում է պատերազմի զոհեր:

Լուսանկարն արվել է 2016 թ. ապրիլին:

Հոդվածում արտահայտված կարծիքները արտացոլում են հեղինակի հայացքները և պարտադիր չէ համընկնեն խմագրության դիրքորոշման հետ:

Հրապարակվել է՝ 03.06.2016

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում