Խոսքը գնում է Հայաստանի բնակիչների համար Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման, ղարաբաղյան հակամարտության կագավորման և երկրում ընթացող բարեփոխումների մասին" />

«Գերմանիան կաջակցի Հայաստանին»․ կանցլեր Անգելա Մերկելը Երևանում է

Խոսքը գնում է Հայաստանի բնակիչների համար Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման, ղարաբաղյան հակամարտության կագավորման և երկրում ընթացող բարեփոխումների մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է։ Օդանավակայանում նրան դիմավորել է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ-ին։ Այդ օրվանից Երևանի և Բեռլինի միջև հարաբերությունները բավականին դինամիկ են զարգացել։ Երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2017 թ-ին կազմել է 339 մլն դոլար։ Գերմանիան Հայաստանի առևտրատնտեսական գործընկերների առաջատար հնգյակում է։

Ներկայացնում ենք այցի բոլոր մանրամասները՝ հերթականությամբ

Ինքնաթիռի վայրէջքից հետո Մերկելն անմիջապես այցելել է հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր։ Այստեղ նա ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ և ծառ տնկել հիշատակի ծառուղում։

•  2016թ-ին Բունդեսթագը բանաձև է ընդունել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին։  

«Այդ բանաձևի տառին և ոգուն համապատասխան ես այսօր այցելել եմ Ծիծեռնակաբերդ։ Մենք գիտակցում ենք, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել 1915թ-ին։ Այդ փաստը չպետք է մոռացության մատնվի։ Այդ հարցն ինձ համար իրավաբանական խնդիր չէ», – հայտարարել է Մերկելը լրագրողներին մի քանի ժամ անց։

Կանցլերը հանդիպել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

«Մենք ցանկանում ենք մասնակցել Հայաստանում անցկացվող բարեփոխումներին, ուշադիր հետևում ենք ձեր երկրում այս տարվա գարնանը տեղի ունեցած և ընթացող փոփոխություններին և գործընթացներին։ Պատրաստ ենք համագործակցությունը շարունակել այդ թեև բարդ, բայց կարևոր ճանապարհին», – ասել է Անգելա Մերկելը։

Մերկելն այցելել է «Թումո» նորարարական տեխնոլոգիաների կենտրոն և շփվել դեռահասների հետ, որոնք այդտեղ սովորում են աշխատել IT-ոլորտում․ անիմացիա, խաղերի մշակում, ռոբոտաշինություն և ծրագրավորում։

Մերկելը եղել է նաև «PicsArt» ընկերությունում, որն ամենախոշոր հայկական ստարտափն է։

Անգելա Մերկելի հայաստանյան այցի առաջին օրվա ավարտին տեղի ունեցան կանցլերի բանակցությունները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Այնուհետև կայացավ նրանց համատեղ մամուլի ասուլիսը։

Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան անելու է իրենից կախված ամեն ինչ Հայաստանի բնակիչների համար վիզային ռեժիմի ազատականացման հարցի զարգացման համար։

 «Դուք գիտեք, որ Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար, որոնք Եվրամիության հետ ասոցացման պայմանագիր ունեն, առանց վիզայի ռեժիմն արդեն գործում է։ Տվյալ հարցը սերտորեն կապված է միգրացիոն քաղաքականության հետ։ Մենք այդ հարցում պրոգրես ենք ակնկալում, և մենք մեր կողմից հնարավոր ամեն ինչ կանենք այդ պրոգրեսին հասնելու համար»։

Մերկելը նաև վստահեցրել է, որ Գերմանիան պատրաստ է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը․

 «Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է։ Եվ մենք խոսել ենք այն մասին, որ կարևոր է ղարաբաղյան խնդիրը հանգուցալուծել լավ մթնոլորտում։ Այդ հարցում Գերմանիան Հայաստանին աջակցություն կցուցաբերի»։

Վարչապետ Փաշինյանն, իր հերթին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ պաշտոնական Երևանը որևէ երկրի հետ հարաբերություններ չի կառուցում մեկ այլ երկրի հետ հարաբերությունների հաշվին։

 «Մենք ասել ենք, որ «թավշյա» հեղափոխությունից հետո արտաքին քաղաքականությունում ռևերսներ չեն լինելու։ Մենք մտադիր ենք և իրականացնում ենք այդ մտադրությունը, զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության [երկու կառույցներն էլ գործում են Ռուսաստանի հովանու ներքո – JAMnews] հետ։ Սակայն մենք զարգացնում ենք նաև հարաբերությունները ԵՄ երկրների՝ մասնավորապես Գերմանիայի հետ։ Մենք այստեղ հակասությունների և հակակշիռների անհրաժեշտություն չենք տեսնում»։  

Երևանից Անգելա Մերկելն ուղևորվելու է Բաքու։


Կարդալ ավելին JAMnews-ում