Ցխինվալում անցկացվող պարահանդեսի թրենդները
Ցխինվալում կայացավ 2016թ-ի շրջանավարտների պարահանդեսը: Կենտրոնական հրապարակում հավաքվել էր մոտ 400 շրջանավարտ, ոմանք ծնողների հետ էին եկել:
Քաղաքացիներից շատերը եկել էին գունեղ միջոցառմամբ հիանալու: Եվ չհիասթափվեցին:
Զգեստները
Եթե նախորդ տարիներին շրջանավարտները նախընտրում էին բալետի պարազգեստ հիշեցնող երկար սպիտակ զգեստներ, և այդ պատճառով էլ պարահանդեսը հարսների շքերթ էր հիշեցնում, ապա այս անգամ այն իսկական գեղեցկության մրցույթի էր նման:
Բացվածքների աստիճանը
Գրեթե բոլոր շրջանավարտների հագին հատակին հասնող զգեստներ էին, միայն մի քանի աղջիկ էր պարահանդեսի համար կարճ զգեստ ընտրել, իսկ նրանց, ովքեր բաց ուսերով ու մեջքով էին, կարելի էր մատների վրա հաշվել (ուղիղ հինգը):
Գունային գամման
Այս տարի բացարձակ առաջատար էր կարմիր գույնը, այն գերադասել էր պարահանդեսի մասնակիցների մեծ մասը:
Ինչպես պատմեցին որոշ շրջանավարտներ, զգեստի ընտրության հարցում նրանք ստիպված էին նույնիսկ հրաժարվել սիրած գույներից՝ երկնագույնից, կանաչից, մարմնագույնից:
Չնայած՝ շատերն են խոստովանում, որ որոշիչ էր այն հանգամանքը, թե ինչպես է զգեստը նստում և շահեկան ընդգծում կազմվածքը: Դրա պատճառով որոշ աղջիկներ ստիպված են եղել գնել սև սգեստ, չնայած որ առիթն ավելի ուրախ գույն էր պահանջում:
Սանրվածքները
Մերօրյա նորաձևությունը խոպոպներ և հավաքած մազեր է թելադրում: Երկու տարբերակն էլ երկար մազեր է ենթադրում: Բայց Հարավային Օսիայի շրջանավարտների համար դա խնդիր չէր: Նրանցից շատերը զբաղվում են օսական պարերով, որտեղ երկար մազերը կարևոր ատրիբուտ է:
Աքսեսուարներ
Ցխինվալի գրեթե բոլոր շրջանավարտները նախընտրել էին դիադեմներ, երկար կախվող ականջօղեր և կլատչ-պայուսակներ:
Ինչպես նաև՝ ծաղիկներ մազերի մեջ և թևնոցներ՝ ձեռքերին:
Պատանիների ընտրությունը
Ավարտական պարահանդեսի համար պատանիները զանգվածաբար ընտրել էին եվրոպական կոստյումներ ու փողկապներ, միայն մի քանիսն էին թիթեռ-փողկապ կապել: Առաջատար էին պահպանողական գույները՝ սևն ու մուգ կապույտը, բաց գույնի կոստյումները փոքրամասնություն էին կազմում:
Գները
Նինա Չոչիևա՝ շրջանավարտի մայր.
«Որդուս համադասարանցիների ծնողներից եմ լսել, որ աղջկան պարահանդեսին նախապատրաստելը շատ թանկ է: Ամեն ինչ գնվում է Վլադիկավկազում, քանի որ այնտեղ մեծ ընտրություն կա:
Զգեստների գները տատանվում են 8-20 հազար ռուբլու (120-300 դոլար) սահմաններում, կոշիկներն արժեն 4-5 հազար ռուբլի (մոտ 80 դոլար): Զարդեր նույնպես պետք են:
Ցխինվալում մազերի հարդարանքն արժե 1,5-2 հազար ռուբլի (մոտ 30 դոլար):
Իմը տղա է, ինձ համար ավելի հեշտ է: Բացի այդ, կոստյումի ընտրության հարցում բախտներս բերեց: Նա անսովոր մի բան էր ուզում: Պարահանդեսից առաջ, ինչպես և ծնողների մեծ մասը, մեկնեցինք Վլադիկավկազ գնումների: Այդ սուրճի երանգով ոսկեգույն կոստյումը վերջինն էր, և մեզ այն զեղչով 8 հազար ռուբլիով (120 դոլար) վաճառեցին, կոշիկները 4 հազար ռուբլի (մոտ 60 դոլար) արժեին, վերնաշապիկը՝ 2,500 ռուբլի (մոտ 40 դոլար)»:
JAMnews-ի դոսյե
• Հարավային Օսիայում այս տարի 489 շրջանավարտ ավարտական վկայական է ստացել: Նրանցից 368-ն ավարտել են քաղաքի դպրոցներ, մնացած 121-ը՝ շրջանային:
• 2015թ-ի համեմատ այս տարի շրջանավարտների թիվն ավելացել է 14-ով:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Հրապարակվել է՝ 22.06.2016