Տեսանյութ երևանյան բողոքի ցույցերից․ ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականը
Ընդդիմադիրների և նրանց կողմնակիցների բողոքի ակցիաների ակտիվ փուլը սկսվել է Հայաստանում մայիսի 1-ից։ Շարժումը ղեկավարում են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունները։ Ընդդիմադիրները պահանջում են վարչապետի հրաժարականը։ Նրանք կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքները հանձնելու և «խաղաղություն մուրալու արատավոր քաղաքականություն է վարում»։ Այս իրավիճակից միակ ելք հայտարարվում է իշխանափոխությունը։ Սակայն մինչ այժմ ընդդիմության առաջնորդները չեն հայտնել «Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը փրկելու» իրենց ծրագրերը։
Ցուցարարները փակում են փողոցները, երթեր ու հանրահավաքներ են կազմակերպում, սակայն ակցիաները դեռ կրիտիկական թվով մասնակիցներ չեն հավաքում։ Փորձագետները կարծում են, որ ընդդիմության խնդիրը նրանում է, որ փաստացի կրկնում են փողոցային պայքարի այն մեթոդները, որոնք կիրառել է «թավշյա հեղափոխության» առաջնորդ Նիկոլ Փաշինյանը 2018թ.-ին։ Բացի այդ, քաղաքագետների կարծիքով, անհրաժեշտ է շարժման նոր, այլընտրանքային բովանդակություն, որը դեռևս բացակայում է։
Ըստ փորձագետների՝ կա ևս մեկ գործոն, որը թույլ չի տալիս ընդդիմությանն իր շուրջն ավելի շատ համախոհներ հավաքել․ Հայաստանի բնակիչների մեծ զանգված չի ցանկանում վերադառնալ անցյալին, թույլ տալ «նախկինների» վերադարձը։ Իսկ խորհրդարանական երկու խմբակցությունների առաջնորդները հենց նախկին իշխանության ներկայացուցիչներ են։ Դա Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, որոնց հասարակությունը համարում է ռուսամետ կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչներ։