«Եվրոպացի առաջնորդները վստահում են Փաշինյանին»․ կարծիք Թբիլիսիից
Վրացի փորձագետը՝ Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի մասին
«Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Երևանում ցույց է տալիս, որ եվրոպական երկրների ղեկավարները վստահում են Նիկոլ Փաշինյանին՝ որպես առաջնորդի»,- ասում է Ռազմավարական վերլուծության կենտրոնի աշխարհաքաղաքական ուսումնասիրությունների ղեկավար, Ուկրաինայում Վրաստանի նախկին դեսպան Վալերի Չեչելաշվիլին։
Այնուամենայնիվ, Չեչելաշվիլին չի հավատում, որ Հայաստանը կարող է լիովին փոխարինել Վրաստանին տարածաշրջանում։ Ավելին, նա կարծում է, որ Հայաստանը հիանալի հասկանում է, որ Վրաստանի հետ շատ ավելի արագ կանցնի դեպի Եվրոպա տանող ճանապարհը։
Փորձագետը գնահատել է նաև գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը՝ նշելով, որ այս երկխոսությունը հնարավոր չէր լինի առանց իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի մասնակցության: Չեչելաշվիլիի խոսքով՝ Իվանիշվիլին գիտակցում է, որ Ռուսաստանը թուլանում է, նրա ազդեցությունը նվազում է, և վրացական կողմը պատրաստվում է որոշակի քաղաքական մանևրների:

Վալերի Չեչելաշվիլի.
«Հայաստանը չի կարող լիովին փոխարինել Վրաստանին տարածաշրջանում, քանի որ ոչ ոք չի կարող ժխտել աշխարհագրությունն ու աշխարհաքաղաքականությունը։ Հայերը լավագույնս հասկանում են դա։ Հիշեք Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում, որտեղ նա փաստացի հանդես եկավ որպես Եվրամիության հետ հարաբերություններում Վրաստանի փաստաբան։
Հայաստանը շատ լավ հասկանում է, որ Վրաստանի հետ շատ ավելի արագ կանցնի դեպի Եվրոպա տանող ճանապարհը, քան առանց Վրաստանի։
Վրաստանը նույնպես հասկանում է, որ ձեռք ձեռքի տված քայլելով՝ մենք շատ ավելի հաջողակ կլինենք եվրաինտեգրման ճանապարհին։ Պարզապես այսօր Հայաստանը ցուցաբերում է դա անելու քաջություն, քաղաքական տեսլական և կամք, մինչդեռ մեր կառավարությունը, և հատկապես խորհրդարանի նախագահը, ցավոք, զբաղված է հակաեվրոպական հռետորաբանությունն ուժեղացնելով, և, իհարկե, եվրոպացիները շատ ուշադիր հետևում են դրան։
Պետք է խոստովանեմ, որ չէի սպասում, որ կկայանա Զելենսկի-Կոբախիձե հանդիպում։
Դա ինձ համար շատ հաճելի անակնկալ էր, բայց երբ մտածում եմ դրա մասին, մի քանի եզրակացությունների եմ գալիս։ Հասկանալի է, թե ինչու էր Զելենսկուն անհրաժեշտ այս հանդիպումը. նա պատերազմող երկրի նախագահ է և հետաքրքրված է բոլոր պոտենցիալ գործընկերների հետ հարաբերություններով, իսկ Ուկրաինան դարավոր հարաբերություններ ունի Վրաստանի հետ՝ լի յուրահատուկ քիմիայով։ Շատ ավելի հետաքրքիր է, թե ինչու վրացական կողմը համաձայնեց այս հանդիպմանը և, ինչպես խոստովանեց պարոն Կոբախիձեն, անմիջապես համաձայնեց։
Նախ, չեմ կարծում, թե Կոբախիձեն այդ որոշումը կկայացներ ինքնուրույն, ուստի այն, ամենայն հավանականությամբ, կայացվել է Թբիլիսիում։ Իսկ ո՞ւմ կզանգահարեր նա Երևանից։ Դե յուրե, ինստիտուցիոնալ առումով, Վրաստանի առաջին դեմքը վարչապետն է, այսինքն՝ ինքը՝ Կոբախիձեն։ Բայց նա չէր կարող ինքնուրույն կայացնել նման ռազմավարական բնույթի որոշում։ Բնականաբար, նա զանգահարել է Բիձինա Իվանիշվիլիին, և նա տվել է իր համաձայնությունը։
Սա ինձ հանգեցրեց հետևյալ մտքին՝ «Վրացական երազանքի» ներսում սկսվել է Ռուսաստանի դերի, Վրաստանի ու Հարավային Կովկասի վրա նրա հնարավոր ազդեցության մասշտաբների վերանայում:
Կարծում եմ, որ «Վրացական երազանքն» արդեն լավ գիտակցում է, և հավանաբար ամենից շատ՝ պարոն Բիձինա Իվանիշվիլին․ եթե որևէ մեկն առաջին ձեռքից տեղեկություն ունի, այդ թվում՝ օլիգարխիկ շրջանակներից, ապա դա նա է, ուստի նա հասկանում է, որ Ռուսաստանը թուլանում է, նրա ազդեցությունը նվազում է, և, համապատասխանաբար, եկել է արտաքին քաղաքականությունը վերակառուցելու և որոշակի մանևրներ անելու ժամանակը։
Եթե դա իսկապես այդպես է, ապա կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կտեսնենք Ուկրաինայի դեսպան Թբիլիսիում և Վրաստանի դեսպան Կիևում: Իսկ դրան կարող են հաջորդել նաև այլ քայլեր»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Վրացի փորձագետը՝ Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի մասին