«Իշխանափոխության փորձ Վրաստանում». իշխող ուժի ղեկավար
«Վրացական երազանքն» ընդդեմ ընդդիմության և ԵՄ-ի
«Վրաստանում իշխանությունը փոխելու բացահայտ և կոպիտ փորձ»։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն այսպես է բնորոշել 2021 թվականի ապրիլի 19-ին իշխանության և ընդդիմության միջև ստորագրված համաձայնագիրը, որն ամիսներ շարունակ քննարկվում էր անձամբ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի օժանդակությամբ։ Կոբախիձեն նման հայտարարություն է արել Վրաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում։
Իշխող կուսակցության ղեկավարը նաև նշել է, որ Վրաստանում ԱՄՆ դեսպանը լավ կաներ, եթե ուշադրություն դարձներ ԱՄՆ-ի չափազանց խիստ վիզային քաղաքականությանը։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե սպասվում է Ռուսաստանի հետ կապերի վերականգնում, և արդյոք նոր քայլեր կձեռնարկվեն այդ ուղղությամբ, Կոբախիձեն ասել է.
«Մեր նպատակն է պահպանել ինքնիշխանությունը։ Նպատակն, իհարկե, չճանաչման քաղաքականություն պահպանելն ու այդ սկզբունքներին հավատարիմ մնալն է։ Մեր հիմնական խնդիրն է պահպանել և ամրապնդել ինքնիշխանությունն ու ամբողջականությունը։ Իհարկե, սա շատ բարդ հարց է, բայց պետք է հնարավորինս ամուր հեռանկար պահպանել: Հենց դա է մեր խնդիրը, բայց շատ դժվար է շոշափելի առաջընթացի հասնել արագ։ Մեր նվազագույն թիրախն այդ նպատակից չհեռանալն է։ Բայց ավելի լավ կլիներ ուժեղացնել այն։
Մեր հիմնական նպատակն է պաշտպանել մեր երկրի և ժողովրդի շահերը, այլ ոչ թե այն, ինչ մեզանից պահանջում են [Արևմուտքը]։ Մենք թույլ չենք տա մեր երկրի դեմ պատժամիջոցների կիրառում, էսկալացիա, երկրորդ ճակատի բացում»։
Կոբախիձեն արձագանքել է նաև Վրաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, որում դեսպանը կասկած էր հայտնել, թե ինչու է օդային հաղորդակցությունը բացվում հենց հիմա, երբ Վրաստանը պետք է զեկուցի 12 կետերի կատարման մասին՝ ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։
Եթե Քելլի Դեգնանը կարծում է, որ «Ռուսաստանի հետ ուղիղ թռիչքները տանում են նրա հետ մերձեցման, ապա ինչու դա տեղի չի ունենում Վրաստանի և ԱՄՆ-ի միջև», — ասել է Կոբախիձեն։
Կոբախիձեն որպես խիստ վիզային ռեժիմի օրինակ ներկայացրել է «Մարտվե» անսամբլը։ Այն պետք է ԱՄՆ մեկներ հուլիսին, սակայն վիզա ստանալու ամենամոտ հնարավորությունը նոյեմբերին էր։ Այդ պատճառով անսամբլը չի մեկնելու։ Ուստի ավելի լավ կլինի, եթե դեսպանը նման հարցերով զբաղվի։ Եվ ոչ թե նրանով, թե որ երկիրը և ինչ քայլեր է ձեռնարկում ինքն իր համար»։
«Իրավիճակը հետևյալն է. բրիտանական կայքերից մեկում ներկայացված է անցած տարվա վիճակագրությունը, որի համաձայն՝ Վրաստանի քաղաքացիների միայն 37 տոկոսն է վիզա ստանում։ Շատ են դեպքերը, երբ Վրաստանի քաղաքացին կրթության համար դրամաշնորհ է ստացել, ամեն բան պատրաստ է եղել, բայց նա վիզա չի ստացել։
Միայն իմ շրջապատում երկու նման դեպք է եղել։ Անհասկանալի է, թե ինչու նման հանգամանքներում երիտասարդին վիզա չեն տրամադրել։ Այնտեղ կա նաև վիճակագրություն հարևան երկրների վերաբերյալ։ Ինչպե՞ս են գործերն ընթանում այնտեղ: Վիզաների տրամադրման վերաբերյալ դրական որոշումների վիճակագրությունը տատանվում է 63-ից 88 տոկոսի սահմաններում։ Ես չգիտեմ, թե որն է այս ամենի տրամաբանական բացատրությունը։ Մենք էլ չխնդրե՞նք վիզային ռեժիմի ազատականացում։ Ինչպե՞ս կարող է Վրաստանի քաղաքացիների նկատմամբ նման կոշտ քաղաքականություն վարվել։ 37 տոկոս մեր երկրում, իսկ 63-ից 88 տոկոս հարևան երկրներում՝ Ռուսաստանում, Հայաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում»,- հայտարարել է Կոբախիձեն։
- «Այսպես կոչված ընկերները փորձում են իշխանափոխություն անել». Թբիլիսիի քաղաքապետ
- «Ժողովրդին Եվրոպան է պետք, ոչ թե Ռուսաստանը». Վրաստանի նախագահի ելույթը խորհրդարանում
Մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փաստաթուղթ ստորագրեց Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու և Ռուսաստանի ու Վրաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցությունը վերականգնելու մասին։
Բացառություն են կազմում «աշխատանքի նպատակով կամ 90 օրից ավելի ժամկետով, այդ թվում՝ կրթություն ստանալու համար Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող քաղաքացիները»։
Ռուսաստանի և Վրաստանի միջև վիզային ռեժիմը միակողմանիորեն գործում է 2000 թվականից, իսկ ուղիղ օդային հաղորդակցությունը դադարեցված էր 2019 թվականի հուլիսից։
«Վրացական երազանքն» ընդդեմ ընդդիմության և ԵՄ-ի