17 մարդ է մահացել միկրոավտոբուսի վթարի հետևանքով, որը Վրաստանում ձորն է գլորվել
17 մարդ է մահացել, երեքը՝ ծանր վիրավորվել այն բանից հետո, երբ Վրաստանի բարձրադիր շրջանում միկրոավտոբուսն 80–մետրանոց բարձրությունից անդունդն է գլորվել։
Օգոստոսի 25–ը սգո օր է հայտարարվել Վրաստանում։
Զոհվածների մեծ մասը մի ընկերության աշխատակիցներ են, որոնք կորպորատիվ էքսկուրսիա էին մեկնել Խևսուրեթիի շրջան։ Ողբերգությունը տեղի է ունեցել Դուշեթիի շրջանի Շատիլի բարձրադիր գյուղից և համանուն ամրոցից հետդարձի
ճանապարհին։
Ուղևորատար միկրոավտոբուսն արդեն Թբիլիսի էր վերադառնում։ Սկզբից այն բախվել է ճանապարհին կանգնած ճանապարհների հսկողության դեպարտամենտի մեքենային, այնուհետև՝ 80 մետրից անդունդն ընկել։
Էքսկուրսիան իրականացնում էր traveler.ge զբոսաշրջային ընկերությունը։ Ավտոբուսի 20–ից 17 ուղևորները մինչև 30 տարեկան կանայք էին, երեքը՝ տղամարդ։ Զոհվածների թվում մեկ արտասահմանցի զբոսաշրջիկ կա։
Կենդանի մնացած երեք ուղևորները կանայք են։ Նրանք բազմաթիվ վնասվածքներ ունեն, գտնվում են ծանր վիճակում Թբիլիսիի առաջին համալսարանական հիվանդանոցում։
Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ողբերգության պատճառով իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չեղարկել է օգոստոսի 24–ին և 25–ին պլանավորված բոլոր միջոցառումները։