Վրաստանի վարչապետ․ «Մենք պատրաստ ենք բանակցությունների համար ընդունել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչներին»
Վրաստանը պատրաստ է անցկացնել հակամարտ կողմերի ներկայացուցիչների հանդիպումը Թբիլիսիում։ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան սեպտեմբերի 30-ին հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական դիմակայության առնչությամբ։
«Մեր ընդհանուր շահից է բխում, որքան հնարավոր է, շուտ խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Վրաստանը պատրաստ է օժանդակելու այս գործընթացին հնարավոր ցանկացած միջոցներով, այդ թվում՝ Թբիլիսիում հակամարտող կողմերի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել», — ասված է վարչապետի հայտարարությունում։
•Ռազմական գործողություններ Ղարաբաղում, թարմացվում է։ Ռեպորտաժներ, տեսանյութեր/լուսանկարներ
•Վրաստանն իր տարածքով զենքի տարանցում թույլ չի տա
Գախարիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային ներկայացուցիչներին կոչ է անում առավելագույնս օգտագործել իրենց հնարավորությունները՝ հակամարտության սրացմանը վերջ դնելու և երկխոսությունը վերսկսելու համար։
Նրա խոսքով՝ Վրաստանը երկու երկրներին կապում են բարիդրացիական հարաբերություններ։
«Պատմականորեն Վրաստանում բնակվող և ադրբեջանցիները, և հայերը մեծ դեր են խաղացել մեր երկրի, ինչպես նաև տարածաշրջանի զարգացման և ամրապնդման գործում։ Միաժամանակ նրանց խաղաղ համագոյակցումն այն բանի լավ օրինակն է, որ վրացիները, հայերն ու ադրբեջանցիները Հարավային Կովկասը խաղաղության և զարգացման գոտու վերածելու ներուժ ունեն», — ասել է վարչապետը։