Վրաստան․ դասերը՝ միայն առցանց, տրանսպորտը չի աշխատի
Վրաստանում դասերը հեռավար են, տրանսպորտը չի աշխատում
Վրաստանի դպրոցներում դասապրոցեսը կվերսկսվի, ինչպես միշտ, սեպտեմբերի 15-ից, սակայն դեռևս՝ միայն հեռավար կարգով, համենայնդեպս, մինչև հոկտեմբերի 4-ը։ Նաև որոշում է ընդունվել, որ ողջ երկրի քաղաքներում հանրային տրանսպորտը չի աշխատելու մինչև սեպտեմբերի 13-ը (ավելի վաղ նշվում էր սեպտեմբերի 4-ը)։ Սահմանափակումները մտցվել են կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճի պատճառով․ օրական հինգից վեց հազար մարդ է վարակվում, 60-70 մարդ է մահանում վերջին մի քանի շաբաթում։
Մանկապարտեզները՝ և՛ մասնավորները, և՛ պետականները, չեն բացվելու մինչև հոկտեմբերի 4-ը։
Հոկտեմբերի 4-ից հետո կրթության նախարարությունն անհատական մոտեցում է կիրառելու դպրոցների նկատմամբ։ Սա նշանակում է, որ դասերը վերսկսվելու են միայն այն քաղաքներում և գյուղերում, որտեղ դրական թեստերի քանակը չի գերազանցում չորս տոկոսը։
Իսկ ծնողներին ընտրություն է տրվում՝ տանել երեխային դպրոց կամ ուսումը շարունակել հեռավար։
Ինչ վերաբերում է համալսարաններին, ապա բացառություններ կլինեն միայն բժշկական ֆակուլտետների ուսանողների համար։ Նրանց համար գործնական, լաբորատոր և կլինիկական դասերը սովորական ռեժիմով են լինելու։
Նոր սահմանափակումներն, այդ թվում՝ հանրային տրանսպորտի կասեցումը, Վրաստանում գործելու են օգոստոսի 14-ից։ Նաև ամբողջությամբ արգելված է փառատոնների, ժամանցային միջոցառումների, համերգների և մրցաշարերի անցկացումը, սահմանափակվել է մանկական ժամանցային կենտրոնների աշխատանքը։
Օգոստոսի վերջից անցկացված թեստերի 10-12 տոկոսը դրական է լինում այն դեպքում, երբ կայունության ցուցանիշը 4-5%-ն է։
Համաճարակային իրավիճակի սրացման առնչությամբ Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան պահանջել է հետաձգել 2021 թ-ի հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։